Ամոթի ու ապաշնորհության սահմանը… Երբ հարևանդ անդադար հռհռում է վրադ, բայց դու չլսելու, չտեսնելու ես տալիս…

Ամոթի ու ապաշնորհության սահմանը…

Երբ հարևանդ անդադար հռհռում է վրադ,

բայց դու չլսելու, չտեսնելու ես տալիս…

Ինչ աստիճան պետք է ընկած, նվաստացած կամ որ ամենաահավորն է՝ անիքնասեր լինես, որ չտեսնելուն տաս ամենօրյա ռեժիմով քեզ ու երկիրդ, պատմությունդ ու ժողովրդիդ նվաստացնող քոչվոր անֆասոն ցեղապետի վարքն ու խոսույթը…

Անխոս՝ յուրահատուկ տաղանդ է դրա համար պահանջվում…

Կասեք, հա դե, Ալիևն է էլի, բարբաջում է, ուղղակի հոխորտում է, պետք չէ ուշադրություն դարձնել…

Ժամանակին ես էլ էի այդկերպ մտածում, մինչև որ վերջինիս բարբաջանքներն ու քմահաճույքներն իրենց հերթականությամբ իրականություն դարձան…

Ալիևի ասածները բարբաջանք էր համարում նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ով պատերազմի առաջին օրերին՝ հաճելի ժպիտը դեմքին, ոտը ոտին, սուրճը ձեռքին առաջնագծում հետևում էր պատերազմին…

Իսկ այսօր՝ այլայլված, ցայտնոտի մեջ հայտնված, քրտինքը բուղ տված, ձայնը գլուխը գցած, հայտնում է նոր, ավելի վատ սցենարների ու դրանց պատրաստ լինելու մասին, բարձրաձայնում՝ Ադրբեջանի նորանոր պահանջների ու ուլտիմատումների, հաջորդիվ՝ ՊԲ բանակի ու կառավարման համակարգի լուծարման մասին, այլապես՝ Ադրբեջանը կիրանակացնի «Վրեժ–3» գործողությունը»…

Սա խոսում է այն մասին, որ վերջինիս «քիթը կպել է գետնին»…

Ու ընկել է այն օրը, որ Արցախի անվտանգությունն ապահովելու հարցով նամակ է հղում Պուտինին։

Սրան համընթաց դեռ զարմանում ենք ու ջղայնանում, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն հայտարարում է, թե «Մենք հավատում ենք, որ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կարող են պաշտպանված լինել»:

Սակայն, երբ Պուտինն ամեն պատեհ ու անպատեհ առիթին ասում է, թե Արցախն ու 7 շրջաններն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս են՝ նույնկերպ չենք զարմանում ու նյարդայնանում:

Զարմանում ենք, թե այդ ինպե՞ս է, որ ըստ ԱՄՆ-ի՝ Կոսովոն և Թայվանը կարող են և պետք է անկախ լինեն, մինչդեռ Արցախը պարտավոր է լինել Ադրբեջանի կազմում։

Զարմանում ենք, թե այդ ինպե՞ս է, որ ըստ ՌԴ-ի՝ Աբխազիան, Հարավային Օսեթիան, Ղրիմն ու Դոնբասը ազգերի ինքնորոշման իրավունքով դարձել են ՌԴ-ի մաս, իսկ Արցախի դեպքում գործում է բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքը…

Զարմանում ենք, որ հատկապես աշխարհաքաղաքական կենտրոնների մոտ կա հասկացություն, ինչպիսինն է՝ «երկակի ստանդարտները»:

Որ հեգեմոնների կարծիքով, դա պետք է լինի ոչ այնքան արդար, այլ իրենց ձեռնտու, և որ դա է միակ ճշմարտությունը։

Էշի ականջում քնած ենք, անտարբեր ենք կամ թքած ունենք, երբ Բաքվի հեռուստատեսությունը՝ Հայաստանը, ներառյալ մայրաքաղաք Երևանը, եղանակի տեսության ժամանակ ներկայացնում է որպես Ադրբեջան։

Լավագույն դեպքում ՀՀ ԱԳՆ խոսնակի մակարդակով է այն որակվում որպես՝ հարևան երկրի ինքնիշխանության նկատմամբ տարածքային հավակնությունների բացահայտ քարոզչություն, հիվանդ պատրանք ու թշնամական հռետորաբանություն:

Այնքան ենք ընկած ու անպաշտպան, որ թշնամին անվարան մտնում է սուվերեն տարածքդ, երկու զինվոր գերեվարում, իսկ այսօր էլ շինծու դատավարությամբ՝ 11,5 տարով տղերքին փակում է Բաքվի բերդերում:

Երբ նավթը քթերը քաշած քոչվոր ցեղապետը, իրեն «Կովկասի տիրակալի» պաշտոնը ստանձնած, «Դրմբոնն» ու «Կաշենը» մարսած՝ այսօր էլ պահանջում է դադարեցնել Հայաստանի տարածքում իրականացվող հանքարդյունաբերական գործունեությունը, քանզի այն «խաթարում է Հարավային Կովկասում բնապահպանական կայունությունը»…

Ու այս տիպի վարքագիծն ու հռետորաբանությունը շարունակվելով ուժգնանալու է, ինչու չէ նաև թշնամու զորքը հայտնվելու է Երևանի մատույցներում, քանի դեռ մեր իշխանությունները շարժվում են՝ «մի բան չանենք, չխոսենք, շառից փորձանքից հեռու, միայն թե պատերազմ չլինի: Արցախը ճանաչենք Ադրբեջանի մաս, որ նոր պատերազմ չլինի» համոզիչ մանիպուլյացիոն կարգախոսով ու այդ ստորաքարշ թեզի քարոզչությամբ…

Ու ցավն այն է, որ վախ ու սարսափ կերակրելով՝ ժողովրդին սսկեցնում են, դարձնում՝ անպաշտպան, անկարող ու ապիկար…

Այն դեպքում, երբ պատերազմով ժողովրդին վախեցնելն ընդամենը քաղաքական տեխնոլոգիա է, ոչ ավելին։

Դրա համար էլ ցանկացած քաղաքական կամ քաղաքացիական ակտիվություն նկատելուց իշխանությունը միանգամից հորդորում է՝ ցույցեր ու բողոքներ չանել, նախաձեռնություններ ու ստորագրահավաքներ չանցկացնել, թշնամու կրակոցներին ու սադրանքներին չպատասխանել, արժանի հակահարված չտալ, հրաժարականներ չպահանջել, թե չէ պատերազմ կսկսվի…

Այս մեթոդն աշխատում է, ու իրեն լավ էլ արդարացնում է:

Իսկ թշնամին օգտվում է ստեղծված իրավիճակից, ներքին պառակտվածությունից ու պանիկայից:

Արդյունքում՝ թշնամին շարժվում է հետևյալ սկզբունքով.

որքան հնարավոր է և կարող ենք, պետք է ստանանք առանց պատերազմի, մնացածը՝ կստանանք սադրանքներով, լոկալ էսկալացիաներով, սողացող պատերազմով, իսկ վերջում էլ՝ եթե բան մնա վերցնելու ու հարկ լինի, ապա նոր՝

լայնամասշտաբ պատերազմով, կապիտուլյացիայի ենթարկելով…

Ու այս նարատիվը գործող իշխանությունների որդեգրած ուղեգիծն է, այն պարագայում, երբ պատերազմը դեռ չի ավարտվել, այլ ընդամենը ժամանակավոր դադար է, նոր պատերազմի նախապատրաստման էտապ է, երբ առ այսօր հարյուրավոր զոհեր ու տարածքներ ենք զիջում, որ չկա որևէ երաշխիք ու երաշխավոր, որ «խաղաղության պայմանագրի» կնքելուց հետո նոր պատերազմ չի սկսվի (ի դեպ, դա փաստում է անգամ իշխող ռեժիմը, իհարկե՝ հետագայում ինքնարդարացման համար), որ անգամ իշխող ռեժիմի ներկայացուցիչները հասկանում են, որ կարող է լինել պատերազմ, բայց 3-րդ տարին է չեն պատրաստվում այդ պատերազմին՝ շարունակելով պնդել, որ խաղաղության օրակարգը ալտերնատիվ չունի…

Այս հանցավոր քաղաքական վարքագիծն էլ բավ չէ, իշխանությունը պահպանելու համար վրադիր էլ՝ պատերազմով վախեցնում են սեփական ժողովրդին, հոգեբանական ճնշում, տագնապ են առաջացնում, պառակտում, բարոյալքում, կոտրում, զրկում են մարդկանց դիմադրելու, ինքնապաշտպանվելու կամքից։

Մեր ղեկավարությունը չի ուզում կամ ձեռնտու չի հասկանալ այն պարզ ճշմարտությունը, որ Արցախի ճակատագիրը վտանգելով ու Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով, իրենք վտանգել են հենց Սյունիքն ու հայոց պետականությունն առհասարակ…

Պաշտոնական Բաքուն անգամ մերժել է հայ-ադրբեջանական սահմանը ԽՍՀՄ 1975 թ. քարտեզներով սահմանազատելու առաջարկը:

Ընդ որում, մերժել է՝ առանց հակաառաջարկի:

Իսկ դա նշանակում է, որ Բաքուն դեմ է առհասարակ որևէ քարտեզով սահմանազատմանը կամ նախընտրում է սեփական գծած-նախշազարդած քարտեզները:

Սա իր հերթին ևս խոսում է բացահայտ պատերազմի գնալու մասին:

Հարգելի՛ ժողովուրդ

Մեր միակ երաշխավորը մեր բանակն է.

Մենք պետք է ունենանք այնպիսի մարտունակ բանակ, որը պատրաստ կլինի արժանի հակահարված տալ, պատժիչ գործողություններ իրականացնել, պարտադրված պատերազմի պարագայում մտնել թշնամու տարածք և մարտը վարել այնտեղ։

Միայն այս դեպքում թշնամուն հնարավոր է սանձել…

Ավելին՝ թշնամին միայն ուժի լեզուն է հասկանում…

Իսկ հաղթողին չեն պատժում, ուժն էլ ծնում է իրավունքը…

Եվ հետո.

պատերազմ չստանալու ամենակարևոր պայմանը ոչ թե դրանից վախենալն է, այլ հավանական այդ պատերազմին պատրաստ լինելը։

Հակառակ դեպքում, պատերազմ չստանալու միակ հույսն Աստված է, իսկ Աստված օգնում է ոչ թե հանձնվողին, այլ պայքարողին։

Եթե ինքներս համակերպվենք մեզ պարտադրված պայմանների հետ, ապա որևէ երկիր մեզ չի օգնելու այդ պայմանների չեղարկման հարցում, ինչքան էլ որ դրանք ապօրինի ու անմարդկային պայմաններ լինեն։

Ոչ մեկը չի օգնի այն ընկածին, որին պակասում է ինքնուրույն ոտքի կանգնելու կամքը…

Ընդ որում՝ մենք իրական բարեկամներ ու դաշնակիցներ չունենք, մեր փոխարեն մեր տեղը կռվող էլ չկա…

Իսկ ամենամեծ ցավն այն է, որ մենք անգամ ինքներս մեզ բարեկամ չենք…

Մեր թշվառ վիճակը մենք ինքներս ենք ստեղծել մեզ համար.

ուրիշ ոչ ոք մեղավոր չէ…

Վերածնունդ է պետք…

Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից