Դատարանը հրաժարվել է տուգանել զոհված երկու զինծառայողների ծնողներին

Հուլիսի 6-ին Վարչական դատարանը, ի դեմս դատավոր Արթուր Ծատուրյանի, ևս երկու հայց  է մերժել։ «Որդիների կանչ» ՀԿ նախագահին՝ զոհված Ժորա Սահակյանի հորը և զոհված զինծառայող Գևորգ Ջավախյանի հորը՝ Գրիգոր Ջավախյանին տուգանելու ոստիկանության պահանջները մերժվել են: Այս մասին 24News-ի  հետ զրույցում ասաց «Որդիների կանչ» ՀԿ նախագահ Վահիդ Սահակյանը:

«Դատի օրը, անկեղծ ասած, չեմ հիշում, բայց էսօր տեղեկացանք, որ իմ ու Գրիգոր Ջավախյանի դեմ ոստիկանության ներկայացրած հայցը կրկին մերժվել է»,- մանրամասնեց Վահիդ Սահակյանը:

Ըստ Ոստիկանության պահանջի՝ զոհված զինծառայողների ծնողներին տույժի պետք է ենթարկեին այն բանի համար, որ իբրև թե չեն ենթարկվել ոստիկանի ներկայացրած օրինական պահանջին և աշխատավարձի հիսնապատիկի չափով պետք է տուգանվեին:

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների մի խումբ ծնողներին ոստիկանները սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը Եռաբլուրի մոտից հեռացրել էին թևերը ոլորելով և ոտքերից քաշքշելով` վարչապետ Նիկոլ Փաշինյանի զինվորկան պանթեոն այցին ընդառաջ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։