Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ը բանաձև է ընդունել՝ ի պաշտպանություն Վրաստանի տարածքային ամբողջականության

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) նստաշրջանի մասնակիցները Թբիլիսիում կայացած նիստում բանաձև են ընդունել Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին։ Ասյ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությանը։

«Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում կայացած վերջին լիագումար նիստում միաձայն ընդունվել է Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին վրացական պատվիրակության պատրաստած բանաձևը»,-ասվում է զեկույցում։

Բացի այդ, մտահոգություն է արտահայտվել Աբխազիայում և Հարավային Օսիայում «փշալարերի և այլ արհեստական պատնեշների» ստեղծման կապակցությամբ։  Փաստաթղթում արտացոլված է նաև Ռուսաստանի Դաշնությանն ուղղված կոչը՝ չեղարկել իրենց անկախության ճանաչումը։

Թբիլիսիում կայացած Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի 48-րդ նստաշրջանում որոշում է կայացվել Վրաստանին կազմակերպությունում ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու մասին։ Նախկինում Վրաստանը վեհաժողովի աշխատանքներին մասնակցել է դիտորդի կարգավիճակով։