Մեկ շաբաթում «Հայաքվե»-ի ստորագրահավաքին միացել է 14 800 մարդ

Մեկ շաբաթում «Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքին միացել է մոտ 15 հազար մարդ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

«Հինգ լիարժեք օրվա ընթացքում մենք հավաքել ենք 14 800 ստորագրություն, որից 10 հազար ստորագրություն հավաքել ենք Երևանի 12 վարչական շրջաններում, 4500 ստորագրություն հավաքել ենք մարզերում, ցավոք, մեր ծածկույթը դեռ փորք է, 330 ստորագրություն հավաքվել է էլեկտրոնային եղանակով»,-նշեց նա։
Չալաբյանը հիշեցրեց, ստորագրահավաքի համար դեռ վեց շաբաթ կա, եթե այս տեմպով շարունակվի, ապա նախաձեռնության անդամների նախատեսածից կրկնակի թվով ավելի ստորագրություններ կհավաքվեն։

«Չեմ ուզում կանխատեսումներ անել, թիվը կարող է և աճել, և նվազել, բայց նման տեմպը մեզ լավ մեկնարկային պայմաններ է տալիս»,-ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով ստորագրահավաքին արդեն միացած քաղաքացիներին, խոստանալով ստորագրություններն ըստ էության օգտագործել։

Չալբյանը հորդորեց չբավարարվել ստորագրահավաքին միանալով, պետք է հորդորել հարազատներին, ընկերներին հետևել իրենց օրինակին։

«Այն 15 հազար մարդիկ, որոնք արդեն միացել են «Հայաքվե»-ին պետք է դառնան նախաձեռնության սուրհանդակները, որպեսզի առաջին խնդիրը՝ 50 հազար ստորագրություն հավաքելը պատվով կատարեն»,-ասաց Չալաբյանը։