Արևմուտքի հինգերորդ շարասյան հերյուրանքների հարահոսը և դեռ 1998-ից նախապատրաստված «թավշյա հեղափոխությունը»

2009 թվական, հունվար- փետրվար. արմատական ընդդիմությունը, մասնավորապես, Լևոն Տեր- Պետրոսյանի ՀՀՇ-ն, «Հայ ազգային կոնգրես» հորջորջվածը հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին ու նրա իշխանությունը վարկաբեկելու նպատակով գործի էին դրել իրենց հերյուրանքների հարահոսը:

Թեև Նիկոլը հետախուզման մեջ էր ու գտնվում ընդհատակում, սակայն, որքան տեղյակ ենք, Սարգսյանին ու նրա ձևավորած իշխանությանը վարկաբեկելու նպատակով ընդհատակից գործել է նաև նա՝ իր հեղինակած հոդվածները կեղծանունով հրապարակելով «Հայկական ժամանակ» (մեր ընկալմամբ՝ «Թուրքական ժամանակ») օրաթերթում:

Բանը հասավ նույնիսկ այնտեղ, որ ՀՀՇ-ի պաշտոնաթերթ «Հայք»-ը 2009թ. փետրվարի 12-ին վերատպեց ադրբեջանական «1 news.az»-ի նյութը, որը բաղկացած էր բացառապես Հայաստանի ազգային անվտանգության ծառայության այն ժամանակվա ղեկավար Գորիկ Հակոբյանի հասցեին կեղտոտ հերյուրանքներից, այսինքն՝ չխորշեց վերատպել սեփական պետության հատուկ ծառայության ղեկավարի հասցեին թշնամական երկրում տարածված կեղտը:

Անդրադառնալով այն ժամանակ իր և իշխանության հասցեին ԶԼՄ- ներում հրապարակվող հերյուրանքներին, Սերժ Սարգսյանն ասել է.

«Զարմանալ կարելի է, թե ինչ հունով են այսօր ընթանում հանրային քննարկումները ճգնաժամին դիմակայելու հարցի շուրջ՝ առնվազն մեր մամուլի էջերում: Քննարկումների հիմնական թեման գնում է հետևյալ ուղղությամբ՝ «տեսնես ի՞նչ են վաճառել, որ կարողացել են այս միջոցները ներգրավել»:

Մեկը հրապարակավ մի անհեթեթություն է հայտնում, թե «Ղարաբաղը վաճառեցին ու միջոցներ ներգրավեցին»: Մեկ ուրիշը մեկ այլ անհեթեթություն է մեջտեղ բերում: Երրորդը՝ հերքելով այս երկու անհեթեթությունների տրամաբանական լինելը, ինքն իրեն հարց է տալիս. «Այդ դեպքում ի՞նչ են վաճառել, որ կարողացել են այս միջոցները ներգրավել»:

Սա, իհարկե, շատ զավեշտալի է: Ես հույս ունեմ, որ, ի վերջո, այս քննարկումները մի օր կգան տրամաբանական հուն և հերյուրանք «արտադրող» մարդիկ կհոգնեն այս գործելաոճից, թեև անկեղծորեն ձեզ ասեմ, որ իմ հույսը շատ մեծ չէ:

Շատ մեծ չէ, որովհետև հերյուրանքներ «արտադրելն» ու տարածելն այսօր շատ մարդկանց համար դարձել է կենսակերպ, շատ մարդկանց համար դարձել է ապրուստ վաստակելու միջոց, շատ մարդկանց համար դարձել է քաղաքականության մեջ մնալու, ըստ իրենց, միակ հնարավորությունը» (ընդգծումը՝ մերը):

Հիմա, այ իշխանազավթ ստահակներ, պետական դավաճանության բազմաթիվ դրվագներով փաստագրված պարտվողական պատերազմով ո՞վ, ովքե՞ր Ղարաբաղը վաճառեցին կամ նվիրեցին Ալիևին, Ադրբեջանին և ադրբեջանցիներին… Եվ դեռ ձեր մտքերում էլ որոճում եք Արցախի Հանրապետության երբեմնի տարածքից մնացած մոտ 25 տոկոսն էլ նույն բախտին արժանացնելու և Արցախի Հանրապետության գոյությանը վերջ տալու հնարքների մասին՝ «խաղաղության պայմանագիր» կոչվածո՞վ, թե պատերազմով…

Ո՛չ, հերյուրանք «արտադրող» մարդիկ չհոգնեցին իրենց վերոնշյալ գործելաոճից, և չէր սխալվում պարոն Սարգսյանը՝ ասելով, որ այդ առումով իր հույսը շատ մեծ չէ: Սակայն ՀՀ նախագահն ամբողջականորեն չի թվարկել, ներկայացրել հերյուրանքներ «արտադրելու» և տարածելու պատճառներն ու նպատակները: Հերյուրանքներ «արտադրում» ու տարածում էին ոչ միայն այն պատճառով, որ տվյալ գործելակերպը շատ մարդկանց համար դարձել էր կենսակերպ, ոչ միայն ապրուստ վաստակելու կամ քաղաքականության մեջ մնալու նպատակով:

Նախագահին և այն ժամանակվա իշխանությանը ստերով ու կեղծիքներով վարկաբեկելու հիմնական նպատակը, կարծում ենք, Հայաստանում «գունավոր հեղափոխության» նախապատրաստումն էր, 2018-ի «թավշյա հեղափոխություն» կոչվածն իրականություն դարձնելը, ինչը, ցավոք, նախկին իշխանությունների կողմից ժամանակին կամ հավուր պատշաճի չգիտակցվեց, կամ չգիտակցվեց ընդհանրապես:

Նախկին իշխանությունների, որովհետև արմատական ընդդիմության, ըստ էության, Հայաստանում Արևմուտքի հինգերորդ շարասյան կողմից հերյուրանքների տարածումը սկսվել է ոչ թե 2009 թվականից կամ, թեկուզ, 2008թ. մարտի 1-ից, այլ սկզբնապես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու նրա ձևավորած իշխանությունը թիրախավորելով, ստերի, կեղծիքների, հերյուրանքների հարահոսը գործի է դրվել դեռ 1998 թվականից, այն պահից հետո, երբ ՀՀ նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանն այլ ճար չունենալով, հարկադրված եղավ հրաժարական տալ:

 

Արմեն Ոսկանյան