Հայ-ադրբեջանական քննարկումներն անցել են բավականին կոշտ մթնոլորտում․ փորձագետները՝ Հաագայում կայացած քննարկումների մասին

Հուլիսի 4-5-ին Հաագայում Եվրամիության միջնորդությամբ տեղի ունեցավ Հարավային Կովկասում տևական խաղաղությանն աջակցող հայ-ադրբեջանական միացյալ կոնտակտային խմբի 4-րդ նիստը՝ երկու երկրների քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Վստահության ամրապնդման միջոցառումների շրջանակում կազմակերպված հերթական հանդիպման ընթացքում քննարկվել են տարաբնույթ հարցեր, որոնք վերաբերում էին Հարավային Կովկասում, մասնավորապես Արցախում և Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Կոնտակտային խումբը համաձայնել է գալիք ամիսներին ակտիվացնել աշխատանքն ու երկու երկրներում կազմակերպել երկխոսությունը խթանող հանդիպումներ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ հանդիպման վերաբերյալ իրենց տպավորություններն են ներկայացրել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, վրացագետ Ջոնի Մելիքյանը և Ազգային դիմակայունության հայկական ինստիտուտի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու Գևորգ Մելիքյանը։

«Քաղհասարակության ներկայացուցիչների մակարդակով հայ-ադրբեջանական հանդիպումների ձևաչափը նոր չէ։ Դրա շրջանակում փորձ է արվում որոշ հարցերի շուրջ մոտեցնել կողմերի դիրքորոշումները, սակայն պրոցեսն ընթանում է դժվարությամբ, քանի որ տեսակետներում կան սկզբունքային տարաձայնություններ։ Այդուհանդերձ նման քննարկումների կարևորությունն այն է, որ անմիջական շփումների արդյունքում կողմերը փորձում են հասկանալ, թե ինչ մեսիջներ են հղվում միմյանց։ Այդ տեսանկյունից մտքերի փոխանակումն ու նման ձևաչափով քննարկումները երբեք ավելորդ չեն»,- ասաց Ջոնի Մելիքյանը։