Այս նախագիծը պատերազմի հրձիգ է․ ՔՊ պատգամավորը՝ «Հայաքվեի» մասին

«Մենք հիմա բանակցում ենք Ադրբեջանի հետ և բանակցությունների ժամանակ կողմերին պետք է թողնել ճկունության տեղ, եթե դիմացի կողմին չես թողնում ճկունության տեղ, ապա դիմացի կողմն ունի երկու տարբերակ՝ կամ ճանաչում է այն, ինչ դու ուզում ես, կամ պատերազմ է հայտարարում»,-այսօր՝ հուլիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ մեկնաբանելով իր նախկինում արած գրառումը, ըստ որի, «Հայաքվե»-ի առաջարկած նախագծի ընդունման հաջորդ վայրկյանին Ադրբեջանը Հայաստանի ու ԼՂ-ի հանդեպ կսկսի լայնածավալ ռազմական ագրեսիա:

«Հիմա այդ երկուսից ո՞րն է հավանական: Նման նախագիծ ընդունելու դեպքում Ադրբեջանը ասելու է՝ այո, դուք ինչ ուզում եք, այդպես էլ լինելո՞ւ է, թե պատերազմ է հայտարարելու: Ավելին ասեմ, այդ նախագծի ընդունման պարագայում Ադրբեջանը պատերազմ է հայտարարելու ոչ միայն Արցախին, այլև Հայաստանին, որովհետև միջազգային հանրությանն ասելու է՝ Հայաստանը միջամտում է իր հարցերին: Մեր բոլոր խնդիրները սկսվել են այն օրվանից, երբ 1998-ից Արցախի հարցը Արցախի ժողովրդի և Ադրբեջանի հարցից, որտեղ միջազգային հանրությունը մեր կողմն էր, դարձել է Հայաստանի և Ադրբեջանի հարց: Իսկ երբ դարձել է Հայաստանի և Ադրբեջանի հարց, մենք այլևս միջազգային հանրությունում բարեկամներ չենք ունեցել: Հիմա մենք նորից դա անում ենք, ակնհայտորեն մտնում ենք վատ ցիկլի մեջ: Մենք հիմա պետք է հարցը տանենք Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների դաշտ: Եթե այդպես ենք անում, ստացվում է, որ Ստեփանակերտը դառնում է սուբյեկտ բանակցության: Մենք պետք է անենք գործողություններ, որոնք չեն բերի պատերազմի, որովհետև մեզ պատերազմ պետք չէ»,-հայտարարեց Պապոյանը:

Նրա խոսքով, «Հայաքվե» նախաձեռնությունը նվեր է Ադրբեջանին. «Հիմա Ադրբեջանը ժանիքները սրած սպասում է և ձեռքերը շփելով, որ այդ նախաձեռնությունը ստանա հաջողություն: Ադրբեջանը երազում է դրա մասին»:

Դիտարկմանը, թե առանց այս նախաձեռնության էլ Ադրբեջանը ոչ միայն սպառնալից հայտարարություններ է անում, այլև դիմում է սադրանքների, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց. «Այո, ճիշտ եք, ավելին ասեմ, Ադրբեջանում խոսում են երրորդ պատերազմի մասին և փնտրում են առիթներ դրա հմար: Ընդ որում, նրանք առիթ են փնտրում Արցախի դեմ երրորդ պատերազմի համար, բայց եթե մենք նման գործողություն անենք, առիթ ենք տալու նաև Հայաստանի դեմ պատերազմի համար: Հետևաբար, այս նախագիծը պատերազմի հրձիգ է»: