Ադրբեջանի «բնապահպանները» դիմել են Փաշինյանին՝ կոչ անելով «դադարեցնել» ՀՀ-ում հանքերի շահագործումը

Ադրբեջանի «բնապահպանները» հիմա էլ Հայաստանի բնապահպանական խնդիրներով են տոգորվել․ նրանք դիմում են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում ՀՀ հանքարդյունաբերության կողմից «բնապահպանական կայունության խախտման վերաբերյալ։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Պարոն վարչապետ, մենք՝ Ադրբեջանի Հանրապետությունում գործող ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, գրում ենք այս նամակը՝ հայտնելով մեր խոր մտահոգությունը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում «միջազգային բնապահպանական նորմերի և չափանիշների կոպտագույն խախտումով»  իրականացվող գործունեության տարածաշրջանային և գլոբալ բնապահպանական ազդեցությունների հետևանքով առաջացած «լուրջ բնապահպանական ճգնաժամի» կապակցությամբ։

Շարունակվող հանքարդյունաբերական աշխատանքների արդյունքում «էկոհամակարգի ոչնչացումը» վտանգ է ներկայացնում ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրների շրջակա միջավայրի համար։ Բնապահպանական վնասների անդրսահմանային բնույթը վտանգում է տարածաշրջանի և նրա սահմաններից դուրս գտնվող համայնքների առողջությունն ու բարեկեցությունը:

Պահանջում ենք դադարեցնել «միջազգային բնապահպանական նորմերի ու չափանիշների, տարածաշրջանի բնակչության իրավունքների խախտմամբ» իրականացվող հանքարդյունաբերական աշխատանքները»,-ասված է նամակում:

Դրացի «բնապահպանները» կազմել են իրենց խանգարող ՀՀ ձեռնարկությունների ցուցակը՝ Քաջարանի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատ, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ, Սոթքի ոսկու հանք, Ախթալայի հանքավայր, Գեղարքունիքի պղնձաձուլարա, ինչպես նաև Երասխում նոր մետալուրգիական գործարան: