Թուրքիայի իշխանությունները պետք է դադարեն պնդել Կիպրոսում երկու առանձին պետությունների համակեցության գաղափարը. ԵԽԽՎ

Թուրքական իշխանությունները պետք է դադարեն պնդել Կիպրոսում երկու առանձին պետությունների համակեցության գաղափարը, քանի որ դա հակասում է կղզու կիպրական թուրք համայնքի շահերին։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոքսը` ելույթ ունենալով Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես թուրքական իշխանություններին կոչ եմ անում դադարեցնել պնդել այսպես կոչված երկու պետությունների լուծումը (խնդիրը, որը նախատեսում է համակեցություն), որը հակասում է ՄԱԿ-ի բանաձևերին և չի կարող հանգեցնել որևէ կայուն կարգավորման, հետևաբար նաև հակասում է Կիպրոսի թուրքական համայնքի շահերին»,- ասել է նա։ «Կիպրոս կղզում քաղաքական հավասարությամբ երկհամայնքային և երկզոնալ դաշնությունն ինձ թվում է Կիպրոսի հարցի միակ կենսունակ լուծումն է»,- ընդգծել է նա։

Անցած ամիս Հյուսիսային Կիպրոս կատարած իր այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր երկրի համար «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» (ՀԿԹՀ) հավասար կարգավիճակի ճանաչումը նախապայման է բաժանված կղզու խնդրի լուծման համար։

Քոքսը նշել է, որ ԵԽԽՎ-ն պատրաստ է աշխատել Կիպրոսի Հանրապետության խորհրդարանի և կառավարության հետ՝ օգնելու գտնել կենսունակ և արդյունավետ ուղիներ Կիպրոսի խնդրի լուծման համար։ «Եվ մենք ձեր տրամադրության տակ ենք դնելու բոլոր մեխանիզմները, ռեսուրսներն ու փորձը այս նպատակին հասնելու համար»,- հավելել է նա՝ դիմելով պատգամավորներին։