Արցախում այլ խաղաղապահ առաքելություն ունենալու հեռանկարն այնքան էլ մեծ չէ․ Սերգեյ Ղազարյան

Արցախի իշխանություններն ակնկալում են, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների շրջանակում կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի Լաչինի միջանցքի արգելափակումը վերացվի։ Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ընթացքում այս մասին հայտարարեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը։

«Արցախում օր օրի իրավիճակն ավելի է բարդանում, հետևաբար ռուս խաղաղապահները, գտնվելով այնտեղ, պետք է իրենց իրավասությունների շրջանակում գործադրեն բոլոր քայլերը, առավել ևս, որ ադրբեջանական կողմի սադրանքների կարևորագույն նպատակը հենց խաղաղապահ առաքելության հեղինակազրկումն է»,- նշեց Արցախի ԱԳ նախարարը։

Ղազարյանի պնդմամբ՝ այս պահին Արցախում այլ խաղաղապահ առաքելություն ունենալու հեռանկարն այդքան էլ մեծ չէ, և դա այդքան արագ չի էլ կարող տեղի ունենալ, քանի որ բավականին լուրջ գործընթաց է՝ հատկապես միջազգային հարաբերություններում առկա ճգնաժամի պայմաններում։