Պատերազմն ադրբեջանցի զինվորների աչքերով․ մաս 1

Քաղաքագետ Վարդան Բալյանը ներկայացնում է 44-օրյա պատերազմի մասին ադրբեջանցի զինվորների պատմությունների շարք, որոնք տարածվում են ադրբեջանական սոցմեդիայում։ «Պատերազմն ադրբեջանցի զինվորների աչքերով միանգամայն այլ իրականություն է բացահայտում, քան այն, ինչ հրամցվում է մեզ ադրբեջանական և հայկական իշխանությունների մատուցմամբ։ Հուսով եմ, գրառումների այս շարքը կօգնի, որ առերեսվենք իրողություններին ու դեպքերն ու դեմքերը գնահատենք մեր բոլորի ներսում առկա մարդկայնության հայեցակետից»,- գրել է նա, ապա մեջբերել մարտական գործողությունների մասնակցի գրառումը՝ Թալիշ-Մատաղիս ուղղությամբ տեղի ունեցած մարտերի մասին․  «Չկա այդպիսի զենք, որ այդտեղ չի օգտագործվել։ Անազնիվները/անպատիվները կռվեցին մինչեւ վերջ»։

Այսօր Վարդան Բալյանը  ներկայացնում է առաջին պատմությունը ադրբեջանցի զինվորի ուստերով․

«Բարձունքը, որ պետք է գրավեինք, Մարտակերտ-Թարթառ ճանապարհը փակող իսկական կողպեք էր։ Մի քանի անհաջող փորձերից հետո մեզնից ոչ ոք արդեն չէր հավատում, որ այդ անմատչելի բերդը գրավել ընդհանրապես հնարավոր է։ Հայերի պաշտպանությունը շատ ամուր էր․ բետոնե բունկերում տեղակայված կրակակետից նրանք թույլ չէին տալիս մեզ ու տեխնիկային մոտենալ։ Անգամ անօդաչուների հարվածներից հետո իրավիճակը մեզ համար մնում էր անհուսալի։ Հենակետի հետևի գյուղում հայերը առնվազն 3-4 հրետանային մարտկոց ունեին, որտեղից մեր տանկերն ու հետևակի մեքենաները խոցվում էին հենց գրոհի մեկնարկին։ Միակ հույսներս մնացել էր ՏՈՍ-ը։ Սարսափելի, վայրենի զենք է, աղոթում էինք, որ կրակային դիրք դուրս բերելիս չխփեն։ Երբ ՏՈՍ-ն ու հրետանին սկսեցին բառի ուղիղ իմաստով վարել հայկական բարձունքը մեր հետախուզական երկու ջոկատներ՝ մոտ 40 հոգի, առաջ շարժվեցին։ Ծուխը ցրվելուն պես բարձունքի վրա գտնվող հենակետից նորից սկսեցին կրակել։ Ասել, որ հայերն աննկարագրելի դիմադրություն էին ցույց տալիս, նշանակում է ոչինչ չասել։ Օգնության շտապող ավտոշարասյուն երևաց, մեր անօդաչուների և հրետանու հարվածից հետո, մեքենաներից զինվորներ դուրս թափվեցին ու սկսեցին վազել։ Հայերի փախուստի տեսարանը մեր զինվորներին ոգևորեց գրոհի։ Տարածությունը մեր միջև շատ մոտ էր, ու երբ մնացել էր ընդամենը 15-20 մետր, հայերը շրջվեցին ու, պառկելով գետնին, սկսեցին կրակել։ Գրոհը դադարեց։ Մերոնք սկսեցին իրենց խփել մինոմյոտներով, իրենք մեզ։ Մեր բախտից էր երևի, որ եղանակն ամպամած էր, ու մութը ավելի շուտ վրա հասավ։ Լուսանալուն պես հրետանային ռմբակոծությունը վերսկսվեց, արկերի անձրև էր իսկական, կրակում էին տարբեր տրամաչափի բոլոր տեսակի հրետանային միջոցներից։ Ներքևում գտնվող մեր ուժերը չէին կարողանում օգնության հասնել, մենք էլ չէինք կարողանում տեղից շարժվել։ Մեր միակ առավելությունը այն էր, անօդաչուներից փոխանցվող լուսանկարներից տեսնում էինք թշնամու տեղակայումը և զորաշարժը, ինչի արդյունքում մեզ հաջողվում էր թույլ չտալ հայերի օգնական ուժերին մոտենալ բարձունքին։

Միայն հոկտեմբերի 15-ին երեկոյան յոթին կարողացանք հաղթահարել նրանց դիմադրությունը։ Երբ մտանք բունկեր, մեր ու իրենց զինվորների դիակներ էին՝ կարծես գրկախառնված, ակնհայտ էր, որ դաժան ձեռնամարտ է եղել, կենդանի ոչ մեկ չկար, բացի մեկ վիրավորից։ Այդ մարտում մեր 40 հոգանոց երկու ջոկատներից զոհվեցին 10, վիրավորվեցին 39 մարդ։ Ամբողջ մարտի ընթացքում մեր մոբից ոչ մեկ կռվի մեջ չմտավ, եղան նաև փախչողներ ու թաքնվողներ։ Հաջիևի ջոկատի Բաքվից զորակոչված 15-20 տղաները ցած էին նետել զենքերը, թաքնվել, որ որ մարտի մեջ չմտնեն։ Հոկտեմբերի 15-16-ի ծանրագույն մարտերում մենք 57 զոհ ենք տվել Լևոնարխի տարածքում գտնվող այս մեկ բարձունքի հայկական հենակետը գրավելիս։ Պատերազմի ավարտից հետո մարդիկ սոցիալական ցանցերում մինչև հիմա քննարկում են, թե ինչու հյուսիսային ուղղությունում կարողացանք ազատագրել հողերի մեր ընդամենը 7 տոկոսը՝ չնկատելով, որ հարձակման հիմնական հարավային թևում էլ, որտեղ կնետրոնացված էին մեր հիմնական ուժերը, մինչև Շուշին վերցնելն ու զինադադարի կնքումը, ազատագրված էին 20 տոկսից քիչ ավելին։ Պատերազմի վերջում մեր ջոկատը կռվում էր Ջաբրայիլում, որտեղ նոյեմբերի 6-ի դրությամբ 18 գյուղ դեռ ազատագրված չէր։ Պաշտպանության նախարարության զեկույցներով, հարգարժան նախագահի ելույթներով ու հեռուստատեսությամբ, լրատվամիջոցներով քարոզչությամբ պատերազմն ամենևին այն պատերազմը չէ, որով անցնում է զինվորը։ Իսկ զինվորն անցնում է դժոխքով»։