ՄԱԿ-ը ԼՂ երեխաների ֆիզիկական անվտանգությունը երաշխավորելու պատասխանատվություն է կրում. Մհեր Մարգարյան

Հուլիսի 5-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Միացյալ Թագավորության նախագահության ներքո տեղի է ունեցել քննարկում՝ «Երեխաները և զինված հակամարտությունները» թեմայով, որում ելույթներով հանդես են եկել Զինված հակամարտություններում երեխաների պաշտպանության հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Վիրջինիա Գամբան և յոթ տասնյակից ավել ՄԱԿ-ի անդամ-երկրների ներկայացուցիչներ։

Իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, մասնավորապես, նշել է, որ 2022 թ․ դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի վճռի խախտումով Լեռնային Ղարաբաղի շարունակվող շրջափակումը հատկապես ծանր հումանիտար հետևանքներ է առաջացրել երեխաների համար՝ անհնար դարձնելով դպրոցների ու նախակրթարանների գործունեությունը, առողջապահական ծառայությունների մատուցումը և առաջացնելով սննդի, դեղորայքի ու այլ կենսական ապրանքների խիստ կարիք։

Դեսպան Մարգարյանը նշել է, որ Ադրբեջանը խոչընդոտում է ՄԱԿ-ի կառույցների մուտքը Լեռնային Ղարաբաղ և տեղի բնակչության կարիքների համապարփակ գնահատումը` շեշտելով, որ Լաչինի միջանցքի արգելափակումը և շուրջ 30 հազար երեխաների ու նրանց ընտանիքների շրջափակումը վերջիններիս իրավունքների ծանր խախտում է և կոչ անելով, որ միջազգային հանրությունը քայլեր ձեռնարկի Լեռնային Ղարաբաղում ապրող երեխաների կյանքի պայմանների հետագա վատթարացումը կանխելու նպատակով։

Ընդգծվել է, որ ՄԱԿ-ը, նրա Հումանիտար հարցերով գրասենյակը, Երեխաների ու զինված հակամարտությունների հարցերով գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը և Անվտանգության խորհուրդը երեխաների իրավունքների կոպիտ խախտումները կանխելու ու երեխաների ֆիզիկական անվտանգությունը երաշխավորելու պատասխանատվություն են կրում ամենուր, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղում։