Առևանգված հայ զինծառայողների դատական ֆարսը Սումգայիթում շարունակվում է

Սումգայիթի դատարանում շարունակվում է Սյունիքի մարզից ադրբեջանցի դիվերսանտների կողմից առևանգված հայ զինծառայողներ Հարություն Հովակիմյանի ու Կարեն Ղազարյանի դատը։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, տղաներին տրամադրվել են փաստաբաններ և թարգմանիչներ, հայտարարվել են նրանց իրավունքներն ու պարտականությունները։ Կարեն Ղազարյանի իրավունքները պաշտպանելու է Յուսիֆ Ալիևը, իսկ Հարություն Հովակիմյանինը՝  փաստաբան Լեյլա Բադալովան։

Դատախազն ընթերցել է մեղադրական ակտը, ըստ որի, իբր հայ զինծառայողները նախնական համաձայնությամբ «մի խումբ անձանց կողմից ապօրինի ձեռք բերված հրազեն և ռազմամթերքներով՝ բռնի ուժ կիրառելով պետական սահմանի Զանգիլանի սահմանապահ ջոկատի ծառայողների նկատմամբ, ապօրինի հատել են Ադրբեջանի պետական պահպանվող սահմանը, ինչպես նաև Ադրբեջանի տարածքում ահաբեկչություն իրականացնելու սպառնալիքով` մաքսանենգ ճանապարհով հրազեն և զինամթերք տեղափոխելով Զանգիլանի շրջանի Ռազդարա գյուղ, հարձակվել են զինծառայողների վրա»։  Որտեղից որտեղ «հայտնվել են» նաև «գործով տուժածներ», «տուժած» են ճանաչվել Էլթուն Սյարքյառլին, Ռզա Ալլահվերդիևը, Ասիֆ Բաբաշևը և Իբրահիմ Շիխլարովը։

Հիշեցնենք, ոչ ՊՆ N զորամասի զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը մայիսի 26-ին` ժամը 18:30-ին, «Կամազ 43114» մակնիշի ավտոմեքենայով նույն զորամասի պահպանության տեղամասի՝ ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկին սնունդ են տեղափոխել, որից հետո դիրքից վերադառնալիս նրանց հետ կապը կորել է։ Ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում ավոտմեքենան գտնվել է մարտական դիրք տանող ճանապարհին՝ ՀՀ ԶՈՒ դիրքերի թիկունքում գտնվող հատվածում՝ շարժիչը գործարկված վիճակում, մեքենայի մեջ հայտնաբերվել է մեկ միավոր ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, սակայն նշված երկու զինծառայողները չեն գտնվել:

Քննչական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն,  հակառակորդի զինված խումբը հատել է ՀՀ սահմանը և առևանգել զինծառայողներին: