«Միակ անմեղը» Նիկոլն է, որ լինելով գլխավոր հրամանատար՝ բանակին պարտություն է պարտադրել ու արգելել հաղթել Ադրբեջանին

Փաշինյանը 5 տարի է, որ զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, բայց նա այդպես էլ չդարձավ վարչապետ, ու շարունակում է մնալ «Հայկական ժամանակ» կոչվող դեղին մամուլի դեղին խմբագիրը: Նիկոլը, չլինելով պետական գործիչ, չգիտի՝ ի՞նչ է պետությունը, ինչպե՞ս ղեկավարել պետությունը: Իրականում նա չի էլ ղեկավարում մեր երկիրը. Հայաստանն այսօր ամբողջությամբ ղեկավարվում է արտաքին ուժերի կողմից, Նիկոլն ուղղակի նրանց ցուցումները, հրահանգները կատարող մարիոնետ է․ արտաքին տերերը սցենարը տալիս են`ինքն էլ իրականացնում է: Նա չունի սրտացավություն` առ Հայաստան, նա չունի պատասխանատվություն` առ հայ ժողովուրդ:

Պետություն ղեկավարելը նրա համար շոու է, և մենք արդեն 5 տարի Նիկոլի թատերական շոուի ականատեսն ենք, դրա ակամա հանդիսատեսը:

Նիկոլն իր քպ-ական ուսապարկերի հետ շարունակում է շոու-ներկայացումներով զբաղեցնել ժողովրդին: Իսկ թե հետո ի՞նչ կլինի երկրի հետ` իրենց համար հոգ չէ:

Նիկոլը շոուի վերածեց նաև 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքները: 2,5 ժամանոց իր ելույթի, քպ-ական ուսապարկերի նախօրոք սարքած հարցերի վրա արված բեմականացումը ուներ ինքնաարդարացման` սեփական անձը պատմական, քաղաքական և իրավական պատասխանատվությունից մաքրելու նպատակ: Հանձնաժողովն էլ ստեղծվել էր հե՛նց մեղավորներ կարգելու համար: Իսկ «մեղավորների» ցանկն իրենք վաղուց էին կազմել. բոլորը` բացի Նիկոլ Փաշինյանից:

Ստացվեց, որ միակ անմեղը Նիկոլն է, նա ոչնչում մեղավոր չէ, ոչնչի համար պատասխանատու չէ: Փոխարենը` մեղավոր են բոլորը:

44-օրյա պատերազմի ռազմական պարտության պատասխանատվությունը նա ամբողջությամբ բարդեց զինվորականների վրա, իսկ սեփական դիվանագիտական ձախողումները` նախկին երեք նախագահների: Նիկոլը չի դադարում բանակցային գործընթացը ներկայացնել ադրբեջանանպաստ դիրքերից, պնդելով, թե նախկինները բանակցել են Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու շուրջ։ ՀՀ նախկին երեք նախագահներն իրենց արձագանքով տող առ տող հերքեցին նրա ստերը, բայց դա չի կանգնեցնում ստախոսին:

Մեղադրանքների մի մեծ բաժին Նիկոլն ուղղեց բանակի, ռազմական ղեկավարության ուղղությամբ: Պետական մտածողությունից զուրկ այս մարդը հանձնաժողովում և’ ռազմական գաղտնիքներ բացահայտեց, և՛ սկանդալային հայտարարություններ արեց:

Մեղադրեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբին, հետախուզական ծառայություններին, համապատասխան կառույցներին` պատերազմի հավանականության մասին իրեն իրարամերժ տեղեկություններ փոխանցելու համար: Մեղավոր կարգեց ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին, Արտակ Դավթյանին, Մովսես Հակոբյանին: Անգամ «վրաերթեց» իր ընտանիքի մտերիմին` Սամվել Բաբայանին, նրան մեղադրելով հսկայական մարդկային կորուստների պատճառ դարձած «Լելե Թեփե» օպերացիայի տապալման մեջ` որպես նախաձեռնության հեղինակի: Չմոռացավ շեշտել, որ «Լելե Թեփե»-ի «դաբրոն» տվել է Օնիկ Գասպարյանը, չշրջանցեց նաև Ջալալ Հարությունյանին, ով` Նիկոլի խոսքով, իր «այո»-ն է ասել բարձունքի օպերացիային:

Մի խոսքով, մեծն սուտասանն ու նրան սպասարկող ուսապարկերը համատեղ ջանքերով հանգեցին նրան, որ զինվորականներն են տանուլ տվել պատերազմը՝ վատ կառավարելով, կեղծիք տարածելով, թե հողերն արդեն ծախված են, նահանջի հրահանգ տալով, մինչդեռ ինքն ամեն ինչ արել է բանակի համար՝ և՛ մեդալ է տվել, և կոչում՝ զինվորականներին, և՛ զենք, և՛ փող տրամադրել բանակին։ Նիկոլի ստերը մեկը չէ, երկուսը չեն, դրանք բազամաթիվ են․ անդրադառնում է բոլոր դրվագներին ու անդադար ստում. երևի մտածում է՝ կհոգնեն ու չեն արձագանքի, իսկ ժողովրդի ուղեղում նստվածք կտան իր ստերը: Բայց իր հաշվարկներում Նիկոլը չարաչար սխալվում է: Չայած ուշ, բայց սկսել են խոսել ու սուտասանին հակադարձել մեր զինվորականները:

«Ես չգիտեմ գեթ մեկ բարձրաստիճան զինվորականի, որը տեղեկություն տարածեր, թե հողերը վաճառված են՝ մի կռվեք, նահանջեք»,-ասել է ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը:

Ի դեպ, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, որը որպես պատասխանատու զինվորական՝ պահպանելով գաղտնիության սկզբունքը, ԱԺ քննիչ հանձնաժողովի շոուից հետո չլռեց ու ծավալուն հայտարարությամբ արձագանքեց Նիկոլի բարբաջանքներին: Գեներալ-գնդապետը, մասնավորաբար, նշում է, որ իրական վիճակը ներկայացրել է Փաշինյանին ու խնդրել նրան` քաղաքական, դիվանագիտական ճանապարհներով կանգնեցնել պատերազմը, կամ «ՀՀ ԶՈՒ կիրառման համար բարենպաստ պայմաններ ստեղծել»: Առաջարկել է Փաշինյանին` ԱԳՆ-ին հանձնարարել մշակել միջոցառումների ծրագիր՝ ուղղված ՀԱՊԿ մասնակից պետությունների` հատկապես՝ ՌԴ հետ հարաբերությունների կտրուկ բարելավմանը, նաև տարածաշրջանային երկու երկրների` Իրանի և Վրաստանի հետ։ Մինչդեռ նրա առաջարկները չեն կատարվել: Գասպարյանը պարզ ասում է, որ մինչ պատերազմը՝ 2020 թ. հուլիս, օգոստոս ամիսներին կայացած ԱԽ նիստերի ժամանակ ինքը մեկ տասնյակից ավելի առաջարկներ է արել, օրինակ, ԶՈՒ առջև դրված խնդիրները լուծելու համար անհրաժեշտ գումար տրամադրելու համար, բայց չի կատարվել: Գասպարյանը Նիկոլին պարզ ասել է, որ ՀՕՊ-ի արդյունավետությունը գնահատում է «թույլ», որ եղածով հնարավոր չէ արդյունավետ ճնշել հակառակորդին, որ թույլ են հետախուզական մարմինների տեղեկությունների հաղորդման հնարավորությունները, որ անբավարար են ԱԹՍ-ների քանակը, որ չկա անհրաժեշտ գումար դրանց ձեռքբերման համար, որ մեզ հարկավոր են հետախուզական և հարվածային ԱԹՍ-ներ, և այլն և այլն: Առաջարկները մնացել են չկատարված։ Եզրահանգում է․ «Մեզ չհաջողվեց իրականացնել զինված ուժերի 2018-2024 թվականների արդիականացման ծրագրով նախատեսված միջոցառումները և սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերումները, և պատերազմը սկսվեց մեզ համար ոչ բարենպաստ պայմաններում»: «Քաղաքական և դիվանագիտական բավավականաչափ ջանքեր չգործադրվեցին պատերազմը ՀՀ-ի և Արցախի համար առավել բարենպաստ պայմաններով կանգնեցնելու համար»:

Այսքանից հետո որքա՞ն պետք է մարդը լինի անբարո, որ 5000 զոհ տալով, Արցախի 75 տոկոսը կորցնելով, 10 000 հաշմանդամ ու Բաքվի բանտերում հարյուրավոր գերիներ ունենալով՝ շարունակի մեղադրել նախկիններին, բոլորին ու ոչ երբեք իրեն: 

ՆԻԿՈԼԻ ԲԱՆԴԱՆ ՄԻՆՉԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՊՆ-ԻՑ ԳՈՂԱՑԵԼ Է 400 ՄԼՆ ԴՈԼԱՐ

Քննիչ հանձնաժողովում Փաշինյանը հայտարարեց, թե. «Մինչև 44-օրյա պատերազմը մեր ուշադրության կենտրոնում է եղել բանակի արդիականացման թեման», ու հավելեց՝ 2016-ի ստրատեգիական զարգացման պլանն ինքն անփոփոխ է թողել: Մինչդեռ ռազմական փորձագետները նկատում են` սա նիկոլի հայտնի ստերից մեկն է: Razm.info-ի համակարգող Կարեն Վրթանեսյանը նկատել է․ «Հաճախ է խոսում ԶՈՒ բարեփոխումների լայնածավալ գործընթաց սկսելու մասին: Ստում է։ Ինչպես միշտ՝ լկտիաբար։ Դա «բարեփոխում» է միայն իր և իր թուրքական պապաների համար, որոնց պետք է առանց բանակի ու ընդհանրապես առանց հայերի Հայաստան, որը կվերանվանեն «Ավելի արևելյան Անատոլիայի» կամ «Արևմտյան Ադրբեջանի»։

Ստում է նաև, երբ ասում է, թե ստրատեգիական զարգացման պլանն անփոփոխ է թողել։ Իսկ ո՞րն է իրականությունը։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարությունը 2016 թ. քառօրյա պատերազմից հետո մշակել էր 2017-2023 թթ․ ստրատեգիական զարգացման պլանը, համաձայն որի՝ ՌԴ-ից պետք է գնվեին 2000 ԱԹՍ-ներ, ժամանակակից ՀՕՊ համակարգեր: Դրա համար ՀՀ ու ՌԴ կառավարությունների միջև կնքվեց 1 մլրդ 200 մլն դոլարի պայմանագիր: Սակայն գալով իշխանության` «հեղափոխականները» 2018-ի հունիսին ԱԺ-ում չեղարկեցին այդ պայմանագիրը:

ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը Հայկ Մամիջանյանն այս առիթով հայտարարել է․ «Նիկոլ Վովայի Փաշինյանը, գալով իշխանության, փոխել է 2016-ին մշակած սպառազինությունների գնման պլանը»։

Մամիջանյանն հարց է ուղղում` եթե նախկինների պլանն անփոփոխ է թողել, ապա «ո՞ւր են այդ պլանով նախատեսված շուրջ 2000 ԱԹՍ-ները: Պատկերացնո՞ւմ եք, թե դրանք ինչ եղանակ կարող էին փոխել ռազմի դաշտում: Էլ չեմ խոսում ՀՕՊ համակարգերի մասին: Էն ՏՕՌ-երը, որոնց ձեռք բերմամբ ինքը հպարտանում է, նույնպես մեր իշխանության կնքած պայմանագրով են ու մեր կնքած վարկային պայմանագրով են ձեռք բերվել»:

Այդպիսով` ՀՕՊ համակարգերը չհասան Հայաստան, իսկ դրանց գնման համար փոխանցված 300 մլն դոլարն անհետացավ:

Հարկ է Փաշինյանին հիշեցնել նաև իր կատարած «գնումների մասին»: Դեռ 2 տարի առաջ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ասում էր, որ սպառազինության և զինտեխնիկայի համալրման պլանում չպատճառաբանված գնումներ են իրականացվել, որոնք փաստորեն չեն ծառայել այս պատերազմին: Փաշինյանը հպարտանում էր, թե Հորդանանից 27,5 մլն դոլարի «ОСА АК» համակարգեր է ձեռք բերել: Իրականում Հայաստան են բերվել անպիտան, ժանգոտած համակարգեր, դրանք օդանավակայանում ներկվել են ու հայ ժողովրդին ներկայացվել իբրև նոր զենք: Փաշինյանն իր PR-ի համար լուսնակարվում էր հնամաշ ու ներկած «ОСА АК» համակարգի վրա նստած: Հնամաշ «ОСА АК» համակարգերը Պատրոն Դավոյի (Դավիթ Գալստյանի) հետ գործարքի հետևանքն էր: Այդ ժանգոտված զենքերը, բնականաբար չօգտագործվեցին 44-օրյայի ժամանակ, 3 մլն դոլարն էլ «անհետացավ»: Արցախյան 3 պատերազմների մասնակից Վոլոդյա Հովհաննիսյանը «Մենք» հաղորդաշարի ժամանակ հայտարարեց․ «Սրանք լափել են 3 մլն դոլարը: Նիկոլի բանդան մինչև պատերազմը ՊՆ-ից գողացել է 400 մլն դոլար»: Փաստորեն, մինչև 44-օրյա պատերազմը «թավշյա ժողովրդավարներն» այսպես էին «արդիականացնում» հայկական բանակը:

«ՉԳԻՏԵՄ՝ ԻՆՉ ԲՆՈՐՈՇՈՒՄ ՏԱՄ ՆՐԱՆ` ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍ ՉԻ ՆԵՐՈՒՄ»

«Պատերազմի ժամանակ արձանագրված ամենամեծ պրոբլեմներից մեկն այն էր, որ մեր բանակն իր շարժվելու մեթոդների մեջ պրոբլեմ ուներ՝ մեծ մեքենաներ, մեծ խմբեր, մեծ տեսանելիություն: Ես գիտեմ, որ այդ բանավեճը մինչ օրս էլ կա: Մենք շատ դեպքերում զոհեր ենք ունեցել ոչ թե մարտում, այլ՝ տեղաշարժվելիս»,- ասում է Փաշինյանը։

ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը հակադարձում է. «Կատարյալ սուտ է, թե մենք ավելի շատ զոհեր ենք ունեցել տեղաշարժվելիս, քան մարտի դաշտում: Եթե ինքը կարող է դա ապացուցել, ես խոստանում եմ կանգնել՝ որտեղ ինքն է ուզում, և ասել, որ ինչ մեղք կա, ինչ բացթողում կա՝ ես եմ մեղավոր։ Հակառակ դեպքում թող ինքը կանգնի ու ասի, որ ամեն ինչի համար ինքն է մեղավոր։ Չկա նման բան։ Իհարկե, տեղաշարժերի ժամանակ եղել են բացթողումներ, բայց որ հիմնական կորուստները եղել են դրանց ժամանակ, ես չգիտեմ՝ ինչ բնորոշում տամ նման հայտարարություն անողին, դաստիարակությունս չի ներում»։ 

«ԱՊՈՒՇՈՒԹՅՈՒՆ Է ՆՄԱՆ ԲԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ»

Քննիչ հանձնաժողովում Փաշինյանը իր «հին երգը» կրկնեց՝ իշխանափոխությունից հետո 2 տարվա ընթացքում իրենք ավելի շատ զենք են ձեռք բերել, քան 10 տարվա ընթացքում նախկինները. «Ոչ ոք չի կարող ասել, թե բանակում ինչ-որ բան չի արվել այն պատճառով, որ կառավարությունն ասել է՝ փող չկա: Ես ասել եմ՝ ինչ պետք է բանակին, մենք դա կապահովենք, և ձեր խնդիրը չէ՝ թե ոնց»: Ու իբրև ասվածի ապացույցը հիշեցրեց ՍՈՒ-30-ների ձեռքբերումը. «ՍՈՒ 30-ների ձեռքբերումը դրա ամենամեծ ապացույցն է, որ ասել եմ՝ ինչ պետք է բանակին, կապահովենք: Ասել են՝ Սու-30 է պետք՝ գերժամանակակից ինքնաթիռ, ասել եմ՝ եթե պետք է, կունենաք։ Է՞լ ինչ է պետք՝ կոչո՞ւմ է պետք՝ կունենաք, մեդա՞լ է պետք՝ կունենաք, փո՞ղ է պետք՝ կունենաք, սնո՞ւնդ է պետք՝ կունենաք»։
Արձագանքելով` «բանակն ինձնից ինչ ուզում էր՝ տալիս էի» Նիկոլի խոսքին, Տիրան Խաչատրյանն ասել է. «Դա իրականության հետ ոչ մի կապ չունի: Այդ մարդը չի կողմնորոշվում, խառնում է, մտածված մանիպուլյացիաներ է անում, ապուշություն է նման բան հայտարարելը: Երբ Փաշինյանն ասում է՝ բանակն իրենից ինչ ուզել է, մերժում չի ստացել, պետք է նրան հիշեցնել մի քանի դրվագ, օրինակ՝ փող բանակին պետք է եղել, բանակն ուզել է, բայց նա չի տվել։ Ընդ որում, մասնագիտորեն և մանրամասն հիմնավորումներ են եղել, թե ինչու է գումար անհրաժեշտ, կոնկրետ ինչ նպատակի համար դա պետք է ծառայեր, սակայն այդպես էլ չի փոխանցվել բանակին: Նիկոլ Փաշինյանը բանակի համար արել է այն, ինչն ինքն է ցանկացել, և ոչ թե ինչ բանակին է անհրաժեշտ եղել, որևէ հիմնավորում նրա մոտ որևէ արժեք չի ունեցել»։

Դառնալով ՍՈՒ-երի գնման հարցին, Տիրան Խաչատրյանն ասել է. «Թե ովքեր էին դա խնդրողները և ինչ հիմնավորումներով էին խնդրում, որպեսզի բանակը ՍՈՒ-եր ձեռք բերի, այս խնդրի վերաբերյալ քրեական գործ կա հարուցված, վարույթ է ընթանում, ինքս էլ այդ վարույթի շրջանակներում անցնում եմ որպես վկա, հետևաբար՝ մանրամասներ հայտնել չեմ կարող»։

Հիշենք, որ պատերազմից օրեր անց՝ նոյեմբերի 19-ին, Մովսես Հակոբյանը հայտարարել էր․ «Ձեռք բերված ՍՈՒ-երն առանց զինամթերքի են, ՕՍԱ-ների հրթիռ էլ չի արտադրվում»։

Իսկ 2021 թ․ մարտի 20-ին Փաշինյանն ինքն է խոստովանել, որ Հայաստանի գնած ՍՈՒ-30ՍՄ կործանիչները հրթիռներ չունեն՝ նշելով, որ չեն հասցրել գնել դրանք մինչև պատերազմը․․․ 

«ԵԹԵ ԲՈԼՈՐԸ ՍՏԵԼ ԵՆ ԻՐԵՆ, ԲԱ ԻՆՔԸ Ո՞Վ ԷՐ, ՀԱՐՑԸ ԿՈՒՂՂԵՔ ԻՐԵՆ»

Քննիչ հանձնաժողովում անդրադառնալով Շուշիի անկմանը, Փաշինյանը կրկին թիրախավորեց Օնիկ Գասպարյանին՝ ասելով. «ԳՇ պետը ասել է, որ Շուշին մեր վերահսկողության տակ է, մարտերը շարունակվում են, իսկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այլ բան էր ասում, ու պարզվեց, որ Հարությանյանի ասածն էր ճիշտ, ոչ թե ԳՇ-ի»: Փաշինյանն ամեն կերպ ուզում է ապացուցել, որ ինքը անտեղյակ է եղել իրավիճակից, որ զինվորական ղեկավարությունն իրեն ոչ ճիշտ տեղեկատվություն է փոխանցել, ուղղակի խաբել են, ինչպես ասում են ՔՊ-ականները` «Նիկոլի ջեբն են գցել»:

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանն այսպես է արձագանքել Փաշինյանին. «Ինքը էնտեղ ներկայացուցիչ է ունեցել՝ ի դեմս իր տեղակալների, փոխվարչապետների, ԱԺ նախագահի, մշտական ներկայացուցիչ է ունեցել Արցախում, ունեցել է այնտեղ ազգային անվտանգության ներկայացուցիչ, մշտական. բոլորը ստե՞լ են իրեն: Ընդունենք՝ հնարավոր է, որ բոլորը ստել են իրեն․ հարց՝ այդ ժամանակ ինքը ո՞վ էր: Այդ հարցը կուղղեք իրեն»:

Իսկ Փաշինյանի խոսքերն այս դեպքում ինքնախոստովանություն են հնչում, որ պատերազմի ժամանակ ինքը կոմպետենտ չի եղել, իրավիճակին չի տիրապետել, հետևաբար, որպես գլխավոր հրամանատար ձախողել է:

Մեջբերենք գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի խոսքն այս առիթով․ «Արցախի նախագահը ՊԲ-ի կառավարման տարբեր օղակներում ունենալով տեղեկատվության աղբյուրներ, ինչպես նաև Արցախի ԱԱԾ աշխատակիցների միջոցով որոշ դեպքերում ավելի շուտ էր իրազեկվում իրադրության վերաբերյալ և ըստ էության ստեղծվել էր «զուգահեռ» կառավարման համակարգ, երբ Արցախից և նախագահը, և տարբեր պաշտոնյաներ ու այլ անհասկանալի լիազորություններով օժտված անձինք վարչապետին ներկայացնում էին տեղեկություններ, շրջանցելով ՊԲ հրամանատարությանը: Դա հաճախ առաջացնում էր խառնաշփոթ և պահանջվում էր լրացուցիչ ջանքեր գործադրել` իրադրությունն օբյեկտիվ գնահատելու համար»: Գասպարյանը բացատրել է Փաշինյանին, որ նման աշխատանքը նվազեցնում է զորքերի կառավարման արդյունավետությունը և առաջարկել՝ ողջ տեղեկատվությունը հավաքել ՊԲ շտաբում: Ինչը սակայն չի արվել․․․

ԶԵՆՔԸ, ՈՐԸ ԿԱՐՈՂ ԷՐ ԱԹՍ-ՆԵՐԻ ԴԵՄՆ ԱՌՆԵԼ` ՆԻԿՈԼԸ ՉԷՐ ՈՒՂԱՐԿՈՒՄ ԱՐՑԱԽ

Նիկոլն ասում է. «2018-2020 թթ. 44-օրյա պատերազմի մեկնարկը, այսինքն՝ 2 տարի 4 ամսում, Հայաստանի կառավարությունը սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար ծախսել է շուրջ 608 մլրդ դրամ: Մենք 2 տարում իրականացրել ենք 10 տարվա ձեռքբերումների գրեթե կրկնակին»:

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանն այսպես է հակադարձում վարչապետի պաշտոնը զբաղեցնողին. «Նիկոլը ստում է, թե 608 մլրդ դրամի զենք զինամթերք է գնվել: 2019-2020 թթ. մենք ընդհանրապես զենք-զինամթերք չենք գնել: Գնվել են փափուշտ, զրահաբաճկոններ, բայց ՀՕՊ համակարգեր ու ժամանակակից ռազմատեխնիկա ընդհանրապես չի գնվել: Նույն ժամանակահատվածում Ադրբեջանը Իսրայելից ու Թուրքիայից բայրաքթարներ էր գնում, մինչդեռ մենք համապատասխան զենք-զինամթերք չէինք գնում: Դադարեցվել է անգամ ՌԴ-ից զենքի ներկրումը: Եթե այս ամենին էլ գումարենք Հորդանանի 27 մլրդ-ի թալանը, 10 մլրդ-ի գնված ժանգոտ հրթիռները, ինչի համար մարդիկ կան կալանավորված, ապա պարզ կդառնա, որ սրանք 350 մլրդ դոլարը լափել են»:

Վոլոդյա Հովհաննիսյանը նկատում է. «Մենք օգտագործել ենք Արցախի զինուժի ու զինտեխնիկայի ընդամենը 40 տոկոսը, Հայաստանի ու Արցախի ընդհանուր բանակի զինտեխնիկայի ու զինուժի ընդամենը 10 տոկոսը: Այսինքն, գլխավոր հրամանտարը արգելել է հաղթել Ադրբեջանին, նա մեր բանակին պարտություն է պարտադրել»։

Մովսես Հակոբյան էլ ասել է` այն զենքը, որը կարող էր այդ բայրաքթարների դեմն առնել, հարվածել ադրբեջանական զինուժին՝ Նիկոլը չէր ուղարկում Արցախ…

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԶՐՈՅԱՑՐԵՑ ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նիկոլ Փաշինյանը ԱԺ քննիչ հանձնաժողովում հայտարարեց․ «Աշխարհը չի արձագանքել 2016 թվականի քառօրյա պատերազմին»: Բացարձակ սուտ է: Նրա այս հերթական ստին էլ արձագանքեց ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, նշելով, որ դեռ ապրիլի 5-ին Մինսկի խմբի անդամ 9 երկիր՝ Թուրքիայի հետ միասին, արձագանքել են ադրբեջանական ագրեսիային: Ավելին, նրանք շեշտել են, որ Արցախյան հիմնահարցը պատերազմով չի կարող լուծվել: Պատգամավորը հիշեցրեց․ «Ապրիլյան քառօրյայից հետո հայկական կողմն արձանագրեց դիվանագիտական հաղթանակներ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում` ամրագրվեց շփման գծում մոնիթորինգային մշտադիտարկման առաքելություն տեղակայելու դրույթը: Մինչդեռ իշխանության գալով` Փաշինյանը զրոյացրեց այդ պայմանավորվածությունները` իր ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանի հետ միասին»:

Հայկ Մամիջանյանը Փաշինյանին նաև հիշեցրեց. «Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքվել է ՍԵՊԱ-ի արձանագրությունը, որում հստակ արձանագրված է Արցախի ինքնորոշման սկզբունքը»։ Սակայն սա ամբողջությամբ մոռացության մատնեց Փաշինյանը:

 ԻՆՉՈ՞Ւ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՐՐՈՐԴ ԿԱՄ ՉՈՐՐՈՐԴ ՕՐԸ ՉԻ ԿՐԱԿԵԼ «ԻՍԿԱՆԴԵՐԸ»

«Զինատեսակների մասով ես մի քանի բան կասեմ, բայց դա կանեմ արդեն դռնփակ ռեժիմով։ Եղել են զինատեսակներ, որոնց հետ կապված իրավունքը լիարժեք և ամբողջությամբ Հայաստանին չի պատկանել»,- ասել է Փաշինյանը, ու խոստացել մանրամասներ ներկայացնել ԱԺ փակ նիստում։ Ակնհայտ է ակնարկը` այն վերաբերում է «Իսկանդեր»-ին, իբրև թե կրակելու իրավունքը հայերին չի պատկանել՝ Ռուսաստանը «դաբրո» չի տվել։

Իրականում «Իսկանդեր»-ի օգտագործման իրավունք Փաշինյանն ունեցել է, ու ստում է, երբ հակառակի մասին է հայտարարում:

Հիշենք, որ ի պատասխան ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` դեռ 2021-ին հնչեցրած հարցին` ինչո՞ւ պատերազմի երրորդ կամ չորրորդ օրը չի կրակել «Իսկանդերը», Փաշինյան Նիկոլը մի անհեթեթ միտք էր ասել. «Ռուսական «Իսկանդեր» հրթիռը պայթել է 10 տոկոսով»: Նա այդ հայտարարությունն արել էր ՌԴ-ի համար կարևոր ռազմական տոներից մեկի՝ «Հայրենիքի պաշտպանի» օրը։ Նրա խոսքը կայծակնային արագությամբ տիրաժավորեցին սորոսականները, ինչը փաստում էր, որ ասվածը պատահական խոսք չէր: ՌԴ-ում այն դիտարկվեց որպես սադրանք, ու արժանացավ կոշտ արձագանքի։ Իրավիճակն այնպես սրվեց, որ Նիկոլին մնում էր ինչ-որ կերպ դուրս գալ իր սարքած սադրանքի տակից, ու խոսնակի բերանով հայտարարել, թե իրեն ճիշտ չեն հասկացել, «ռուսական զենքը լավագույններից է աշխարհում»…

Փաշինյանի այս հայտարարությունը լսելով՝ Տիրան Խաչատրյանը ծիծաղել էր, ինչը պատճառ դարձավ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից նրա ազատման: Օրերս լրագրողների հետ զրույցում Խաչատրյանը կրկին անդրադարձավ «Իսկանեդեր»-ի թեմային ու Նիկոլի խոսքը աբսուրդ որակեց, ասելով` նման բան չկա, ՀՀ ցանկացած զենքի կիրառման հրահանգ տալու իրավունք ունի մեկ մարդ՝ գերագույն հրամանատարը․ «Զենքերի կրակել-չկրակելու թույլտվությունը միայն ինքն ուներ, խոսքը միայն «Իսկանդերի» մասին չէ, այլ, շեշտում եմ՝ բոլոր զենքերի, միայն գերագույն հրամանատարին է այդ իրավունքը պատկանում»։

Նիկոլի ստերն անվերջանալի են: Դրանք հավաքելու դեպքում՝ հատորներ կարելի է կազմել…

 ՆԻԿՈԼԸ ԽՃՃՎԵԼ Է ԻՐ ԻՍԿ ՀՅՈՒՍԱԾ ԿԵՂԾԻՔԻ ՍԱՐԴՈՍՏԱՅՆՈՒՄ

Պատերազմի ժամանակ գլխավոր հրամանատարը երկրի վարչապետն է, նա է ընդունում քաղաքական ու ռազմական որոշումներ: «Պաշտպանության մասին» օրենքը հստակ սահմանում է պաշտպանության ոլորտում ՀՀ վարչապետի լիազորությունները: Փաշինյանը սա պետք է որ լավ իմանա։ Եվ այն, որ նա իրեն ազատում է պատասխանատվությունց, դեռ չի նշանակում, որ ինքը պատասխանատու չէ պատերազմի ընթացքի, արդյունքների և հետևանքների համար։ 2020-ին Փաշինյանն ինքն է եղել որոշումներ ընդունողը ու, եթե պատերազմում մենք պարտվել ենք, դրանում միմիայն օրվա վարչապետն է մեղավոր, ինքն է կրում պատասխանատվություն, պարտությունը նրա կործանարար քաղաքականության հետևանքն է, ինչից օգտվեց թշնամին:

Անդադար մեղադրել նախկիններին՝ ավերիչ ճանապարհ է. նա զբաղված է նոր մանիպուլյացիաներով ու ոչինչ չի անում ապագայի համար՝ երկիրը նոր արհավիրքներից փրկելու համար:

Եվ եթե Նիկոլին թվում է, թե իր ստերով, մանիպուլյացիաներով, փաստերը խեղաթյուրելով փրկելու է իր դեմքը` խիստ սխալվում է, իրականում նա խճճվել է իր իսկ հյուսած կեղծիքի սարդոստայնում։

Հ.Գ.Նիկոլը հայ ժողովրդին ասում է` նախկինում ամեն ինչ սխալ է եղել, ձեր հաղթանակները փուչ են` հանուն ոչնչի, դուք սխալ եք ապրել` երազելով Էրգրի, Արարատի մասին, ձեր հիշողությունից հանեք պատմական Հայաստանը, ձեր նախնիների, ձեր մեծերի թողած ժառանգությունից հրաժարվեք, կտրեք ձեր հիշողության թելը հայկական արքայատոհմերի հետ ու նոր Հայաստանի զինանշանն ազատեք նրանց «ծանր» ներկայությունից, Նիկոլը մեզ ասում է`դադարեք հայ լինելուց, ապրեք իր հորինած հակահայկական պատմություններով, ու միայն այդ դեպքում կունենաք ապագա…

Իսկ ի՞նչ է նրան հակադարձում հայը՝ սա է կարևոր…

Արմինե Սիմոնյան