Վրաստանի դեսպանը 48 ժամվա ընթացքում պետք է լքի Ուկրաինան. Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այդ երկրի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է կանչել Վրաստանի դեսպանին և հայտնել այն մասին, որ վերջինս Ուկրաինան լքի 48 ժամվա ընթացքում։ Այդ մասին Ուկրաինայի նախագահը գրառում է արել թելեգրամյան իր ալիքում։

«Այսօր ես հանձնարարել եմ արտաքին գործերի նախարարությանը կանչել Ուկրաինայում Վրաստանի դեսպանին, վճռական բողոք արտահայտել նրան և առաջարկել Ուկրաինան լքել 48 ժամվա ընթացքում՝ իր մայրաքաղաքում խորհրդակցությունների անցկացման համար»,- գրել է Զելենսկին։

Վերջինս վրացական իշխանություններին կոչ է արել Ուկրաինային հանձնել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, որն ունի ուկրաինական քաղաքացիություն։ Իր գրառմանը Զելենսկին կցել էր նաև Վրաստանի նախկին նախագահը լուսանկարը, որն այսօր արվել էր Թբիլիսիում դատական նիստին հեռավար մասնակցության ժամանակ։

Զելենսկին պնդում է, որ Ռուսաստանը վրացական իշխանությունների ձեռքով սպանում է Սաակաշվիլիին։ «Մենք բազմիցս կոչ ենք արել պաշտոնական Թբիլիսիին կանգնեցնել այդ ծաղրանքը և պայմանավորվել Ուկրաինային Սաակաշվիլիի վերադարձի շուրջ»,- գրել է նախագահ Զելենսկին։