ՊՆ-ի պատասխանների կապակցությամբ գլխավոր դատախազին հաղորդում եմ ուղարկելու. Նորայր Նորիկյան

Պաշտպանության նախարարին ուղղված հարցերի պատասխաններից որոշ բաներ պարզ է դարձել. ես գլխավոր դատախազին հաղորդում եմ պատրաստելու և ուղարկելու՝ որոշ անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար: Այս մասին, այսօր՝ հուլիսի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողների փաստաբան Նորայր Նորիկյանը։

«Պաշտպանության նախարարի պատասխաններից պարզ է դարձել, որ ՀՀ ՊՆ-ի կամ ԶՈՒ գլխավոր շտաբի կոնկրետ որ պաշտոնյայից է ընդունվել համապատասխան հրաման՝ Ազատ գյուղում գտնվողն տունը որպես զինվորական կացարան ՀՀ ՊՆ-ի N զորամասի ինջեներասակրավորային վաշտի անձնակազմի բնակավորման համար հատկացնելու մասին:

Երկրորդը, արդյոք այդ որոշումը կայացնելու պահին և դրանից հետո նշված տարածքը համապատասխանել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափանիշներին, և եթե ոչ, ապա ինչ իրավական հիմնավորմամբ է նման որոշում կայացվել:

Երրորդ, նշված տարածքը որպես զինվորական կացարան տրամադրելու պահից մինչև դեպքի օրը ՊՆ-ի կամ ԶՈՒ ԳՇ-ի որևէ բարձրաստիճան պաշտոնյա՝ ծառայության պետեր, վարչության պետեր, զորամիավորումների հրամանատարներ և այլ բարձրաստիճան սպաներ այցելե՞լ են արդյոք նշված տարածք, թե ոչ: Խնդրել ենք տրամադրել այդ անձանց ցուցակը՝ նշելով այցելության ամսաթիվն ու տարեթիվը:

Չորրորդ, արդյո՞ք իրավասու հրամանատարի կամ այլ զինծառայողի կողմից երբևեէ վերադասության կարգով զեկուցվել է վերադաս հրամանատարությանը նշված զինվորական կացարանի պայմանների, դրանց բարելավման անհրաժեշտության մասին: Եթե այո, ապա ում կողմից, ում է զեկուցվել, կոնկրետ ինչ միջոցներ են ձեռնարկվել:

Խնդրել ենք պատասխանել, թե արդյոք այդ կացարանում հակահրդեհային համակարգ եղել է, թե ոչ: Իրականացվե՞լ է արդյոք ծառայողական քննություն դեպքի հետ կպված, թե ոչ:

ՊՆ-ի կոնկրետ որ ստորաբաժանումներն են մասնակցել հրդեհաշիջման աշխատանքներին: Այդ ստորաբաժանումների կողմից արդյո՞ք իրականացվել է տեսանկարահանում, և արդյոք դրանք պահպանվել են, թե ոչ:

Զոհված զինծառայողների դիերը կոնկրետ որ ստորաբաժանման կողմից և կոնկրետ ում հրամանով են տեղափոխվել զինվորական հոսպիտալ»,-ասաց Նորիկյանը:

Նա հավելեց, որ գլխավոր դատախազի հետ հանդիպումից հետո վերջնականապես իր համար պարզ է դարձել, որ դեպքի վայրը խախտվել է:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ:

Հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ)։