Երբ ոռնում է տգիտությունը՝ ինտելեկտը մղկտում է…
ԱԺ նախկին պատգամավոր, արևելագետ Գոռ Գևորգյանը գրում է․
«Մեր պետության շուրջ և ներսում ընթացող զարգացումներին հանրության մի հատվածի արձագանքը (անտարբերությունը նույնպես արձագանք է) փաստում է այն խորքային՝ պետականության համար թերևս ողբերգական, բարոյահոգեբանական ճգնաժամի մասին:
Վերջին մի քանի տարիների փորձը ցույց է տալիս, որ հանրության այդ նույն հատվածը, ոչ միայն կտրվել է իր Մայր-պատմության օրրանից, այլև իր չափով չի գիտակցում ազգային-պետական օրակարգից բխող ճշմարտությունները և օրհասական իրողությունները:
Գերմանացի աստվածաբան Դիտրիխ Բոնհոֆերը, Ադոլֆ Հիտլերի իշխանության գալուց 10 տարի անց գրել է, որ «Հիմարությունը ավելի վտանգավոր թշնամի է բարուն, քան չարիքը. հիմարը իրեն համար անհարմար փաստերին պարզապես չի հավատում, հակադրում է դատարկ քննադատությունն, իսկ անհերքելի փաստերին արձագանքում է թե դրանք բացառություններ են: Հիմարը շատ արագ է դառնում վտանգավոր, քանի որ նրան դժվար չէ դարձնել ագրեսիվ: Ապուշներին որև է բան հիմնավորելը հիմնականում անօգուտ է և հաճախ անգամ վտանգավոր: Քաղաքական պոպուլիստների և շաղակրատների իշխանությունը գործում է, քանի դեռ այն ընկալելի է նրանց երկրպագող հանրության համար»:
Ի վերջո Բոնհոֆերը գալիս է այն եզրակացության, որ «Պետք չէ մարդկանց մի հատվածին հիմար համարել ցանկացած պարագայում, քանի որ զանգվածների հիմարությունը կախված է իրենց կառավարիչների սպասումներից, այսինքն իշխանությունները օգուտ ստանում են հանրային հիմարությունից, թե վերջինիս անկախ և իմաստուն լինելուց»:
Մարդկային հիմարության տեսության հարցում անչափ ուշագրավ է 1976 թ. իտալացի հայտնի գիտնական Կառլո Չիպոլիի «Մարդկային հիմարության հիմնական օրենքները» աշխատությունը, որտեղ հեղինակը սահմանեց մարդկային հիմարության 5 օրենքները.
- Մարդը միշտ թերագնահատում է իրեն շրջապատող հիմարների թիվը։
- Մարդու հիմար լինելու հավանականությունը կախված չէ նրա մյուս որակներից։
- Հիմարն այն մարդն է, ում գործողությունները հանգեցնում են կորուստների մեկ այլ անձի կամ մարդկանց խմբի համար, և միևնույն ժամանակ օգուտ չեն տալիս գործող սուբյեկտին կամ նույնիսկ վնաս չեն դառնում նրա համար:
- Ոչ հիմար մարդիկ միշտ թերագնահատում են հիմար մարդկանց կործանարար ներուժը:
- Հիմարը՝ ամենավտանգավոր անձի տեսակն է:
Հ.գ. Մխիթար Գոշի «Առյուծը, էշը և աղվեսը» վկա
Հիերոնիմոս Բոսխ 1475—1480, «Հիմարության քարի հեռացումը», թանգարան Պրադո, Մադրիդ»։