Նոր Ղազանչիի վարելահողերը՝ թշնամու մարտական դիրքերի թիրախում

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղում, անվտանգության նկատառումներից ելնելով, վարելահողերի մեծ մասը մնացել է անմշակ։ Այս մասին «Արցախպրես»ի թղթակցի հետ զրույցում ասել է Նոր Ղազանչի համայնքի ղեկավար Ռուսլան Առուստամյանը։

«Պատերազմից հետո գյուղը հայտնվել է թշնամու ուղիղ նշանառության տակ։ Համայնքին պատկանող վարելահողերը նույնպես գտնվում են թշնամու մարտական դիրքերի թիրախում, և հնարավոր չէ մոտենալ այդ տարածքներին ու մշակել հողը։ Կարողացել ենք շատ քիչ քանակությամբ գարու, հաճարի ու կարտոֆիլի ցանքս կատարել։ Եվ ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ ձմռան ընթացքում պաշարը չի բավարարելու գյուղացիներին»,-մանրամասնել է Ռ. Առուստամյանը։

Համայնքապետն իրազեկել է, որ շրջափակման պատճառով գյուղում դիզվառելիքի, ալյուրի, ձեթի ու շաքարավազի խնդիր է առաջացել։ Բայց խիստ անհրաժեշտության դեպքում կամ հիվանդներին շտապ Ստեփանակերտի բուժհաստատություններ հասցնելու համար շրջվարչակազմը տրամադրում է անհրաժեշտ դիզվառելիքը։

«Պատերազմից հետո խիստ նվազել է անասնագլխաքանակը։ Բնակիչները նախկինի պես չեն զբաղվում հողագործությամբ։ Յուրաքանչյուրը միայն իր տնամերձ հողամասն է մշակում»,-նշել է նա` կարևորելով, որ պատուհասած մարտահրավերները չեն խանգարում, որպեսզի գյուղում նոր ընտանիքներ ձևավորվեն։

Նոր Ղազանչիի փոքրիկ բնակիչ 10-ամյա Թեհմուր Առուստամյանը պատմել է իր երազանքների մասին։ Ուզում է, որ խաղաղություն լինի, կարողանա մաթեմատիկայի ուսուցիչ դառնալ ու դասավանդել հայրենի գյուղի կրթօջախում։ Լրացնելով թոռանը՝ Թեհմուր պապն ընդգծեց, որ հազարամյակների պատմություն ունեցող գյուղում ամուր են կառչած հողին և երբևէ չեն մտածում թողնել իրենց օջախը։

Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ և հարևան Կիչան, Նոր Ղազանչի գյուղերի ուղղությամբ ադրբեջանական մարտական դիրքից օրերս հրաձգային զինատեսակներից անկանոն կրակահերթեր էին արձակվել, որի հետևանքով բնակելի տներ են վնասվել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի