ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է

Այսօր Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է։

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը շնորհավորական խոսք է հրապարակել․

«Պետական-քաղաքական գործիչ, ով մեծագույն ներդրում ունի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների կայացման, բանակաշինության գործում, Արցախյան առաջին և Ապրիլյան քառօրյա պատերազմներում հայ ժողովրդի աներկբա հաղթանակներում, ում կյանքի առաքելությունն է հզոր ու բարեկեցիկ  Հայաստանի և ազատ ու  ինքնիշխան Արցախի համար պայքարում հաղթանակը:

Չնայած բոլոր փորձություններին, արժանապատվորեն ընդունելով կյանքի բոլոր հարվածները, իր գաղափարակից ընկերների ու աջակիցների հետ նա այսօր էլ շարունակում է առաջ նայել, հավատալ և պայքարել:

Շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներ ենք հղում Ձեզ, մեծարգո՛ պարոն նախագահ: Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, արևշատություն, ամենայն բարիք:
Թող Աստված Ձեզ անսպառ եռանդ, ուժ ու կորով պարգևի Ձեր առաքելության իրականացման ճանապարհին»,- նշված է գրասենյակի ֆեյսբուքյան էջում։

ՀՀ երրորդ նախագահի կենսագրությունը

Սերժ Ազատի Սարգսյանը ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին, Ստեփանակերտ քաղաքում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան: 1972-1974 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեությունն սկսել է 1975 թվականին Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես խառատ, աշխատել է մինչև 1979 թվականը:

1979-1988 թվականներին եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա` երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի կուսկազմակերպությունների բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական:

1989 թվականից ղեկավարել է  ԼՂ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն, իսկ 1992 թվականից` դրա հիման վրա ձևավորված և ԼՂՀ պաշտպանության բանակի հիմքը դարձած ԼՂՀ պաշտպանության ուժերի կոմիտեն:

1990 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր:

1993-1995 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարար:

1995-1996 թվականներին` ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար:

1996-1999 թվականներին` ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար:

1999 թվականին` ՀՀ ազգային անվտանգության նախարար:

1999-2000 թվականներին` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար:

1999-2007 թվականներին` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

2000-2007 թվականներին` ՀՀ պաշտպանության նախարար:

2007 թվականի ապրիլի 4-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ:

2007 թվականի հունիսի 7-ին կրկին նշանակվել է ՀՀ վարչապետ` գլխավորելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը:

2008 թվականի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ: 2008 ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ նախագահի պաշտոնը:

2013 թվականի փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում վերընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ: 2013 թվականի ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ նախագահի պաշտոնը:

2018 թվականից ապրիլի 17-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է վարչապետի պաշտոնում և Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել վարչապետ: 2018 թվականի ապրիլի 23-ին ներկայացրել է իր հրաժարականը։

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է 2006 թվականից, 2006 թվականի հուլիսից մինչև 2007 թվականի նոյեմբերը` կուսակցության խորհրդի նախագահ: 2007 թվականի նոյեմբերին ընտրվել է ՀՀԿ նախագահ:

2006- 2018 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահը: 2004 թվականից Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է:

Ստացել է Արցախի հերոսի կոչում, «Ոսկե արծիվ» շքանշան, ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, «Տիգրան Մեծ» շքանշաններ, պետական այլ պարգևներ:

Ամուսնացել է 1983 թվականին: Կինը` Ռիտա Սարգսյանը, ծնվել է Ստեփանակերտում` զինվորականի ընտանիքում:

Մասնագիտությամբ երաժշտության ուսուցչուհի է:

Ունի երկու դուստր` Անուշն ու Սաթենիկը և հինգ թոռնիկ` Մարիամը, Արան, Սերժը, Ռիտան և Տիգրանը: