Արցախն առանց հայերի թողնելու քաղաքական մտադրությունը ի սկզբանե դատապարտված է ձախողման․ ԱՀ ԱԺ պատգամավոր

Արցախահայության կենսական իրավունքների, այդ թվում ինքնորոշման իրավունքի զիջման հաշվին փորձ է արվում բավարարել Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և կեղծ խաղաղություն հաստատել տարածաշրջանում։

Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, Արցախի ԱԺ-ում հայտարարեց Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը:

«Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները. Կիրառելով ականանետեր եւ ԱԹՍ-ներ գիշերը Մարտունու եւ Մարտակերտի դիրքերի ուղղությամբ իրականացրել է ահաբեկչական գործողություններ, որի հետեւանքով ունեցել ենք անդառնալի մարդկային կորուստներ: Լիակատար շրջափակումը, ուժի սպառնալիքի միջոցով Արցախն առանց հայերի թողնելու Բաքվի իշխանությունների հետեւողական քաղաքականությունը եւ ժամանակ առ ժամանակ ուժի կիրառումը ապացուցում են Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու վերջնանպատակի գոյությունը:

Ամերիկյան միջնորդությամբ բանակցային գործընթացին եւ խաղաղությանը պատրաստվելու ադրբեջանական դիվանագիտական կորպուսի հռետորաբանությանը զուգահեռ Արցախում իրականացնում է ռազմական ագրեսիա, որն էլ, ինչպես տեսնում ենք, արվում է տարածաշրջանը լարված պահելու, արցախյան հիմնահարցը հայաթափման միջոցով լուծելու հստակ նպատակով եւ քայլերի տրամաբանական հաջորդականությամբ:

Ցավոք սրտի, քաղաքական այս օրակարգի դեմ հակամարտության լուծմամբ զբաղվող միջնորդ կողմերը ոչ մի առարկայական քայլեր չեն ձեռնարկում հարցին վերջնական եւ արդարացի լուծում տալու համար․ հայտարարություններից զատ չկա ոչ մի պատժամիջոց, առարկայական քաղաքական քայլ, որը կզսպի Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը: Այդ իսկ պատճառով Ադրբեջանը շարունակում է ամենաթողության մթնոլորտում իրականացնել իր դավադիր ծրագիրը:

Սրա հիմնական պատճառը, իհարկե, Ադրբեջանի էներգառեսուրսների մասով գոյություն ունեցող պայմանագրերն են, դրանցից կախվածությունն ու մեր թշնամու կողմից այս գործոնի օգտագործման փորձերը: Փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, երբ արցախահայության կենսական իրավունքների, այդ թվում ինքնորոշման իրավունքի զիջման հաշվին փորձ է արվում բավարարել Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և կեղծ խաղաղություն հաստատել տարածաշրջանում:

Միջազգային դերակատարների դեպքում գուցեեւ Արցախի ժողովրդի ճակատագիրը կարելի է երկրորդել Ադրբեջանի հետ ունեցած պայմանավորվածություններն, բայց որ հարցի լուծում այդ ճանապարհով հնարավոր չէ ստանալ, դա նույնպես փաստ է: Արցախն առանց հայերի թողնելու քաղաքական մտադրությունը ի սկզբանե դատապարտված է ձախողման: Նման պատճառով ոչ միայն չի լինելու խաղաղության, այլև տարածաշրջանը մուտք է գործելու նոր էսկալացիայի եւ բախումների շրջան՝ իր կանխատեսելի հետեւանքներով եւ արդյունքներով, որից կարող են տուժել նաեւ մեր հաշվին զիջումների պատրաստ միջազգային դերակատարները»: