«Անհապաղ դադարեցնել բանակցությունները». Արցախի ԱԺ-ը դիմեց Վաշինգտոնում գտնվող ՀՀ պատվիրակությանը (տեսանյութ)

Արցախի Հանրապետության ԱԺ-ն ընդունեց հայտարարություն, որով կոչ է անում Վաշինգտոնում հայկական պատվիրակությանն անհապաղ դադարեցնել բանակցությունները: Հայտարարությունն ընթերցեց ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Հայտարարությունում ասվում է. «Ադրբեջանի ԶՈՒ-ն հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020-ի նոյեմբերի 9-ին ընդունված ԼՂ-ում հաստատված հրադադարի ռեժիմը, սույն թվականի հունիսի 27-ի լույս 28-ի գիշերվա ժամը 1.30-ից տարբեր տեսակի զինատեսակներից կրակ է բացել Արցախի Հանրապետության տարածքի ուղղությամբ, որի հետևանքով զոհվել է մեր 4 հայրենակից:

Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման պայմաններում հրետանային միջոցների և ԱԹՍ-ների կիրառմամբ Արցախի քաղաքացիների այս հերթական սպանությունը վկայում է, որ այդ հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը անտեսելով միջազգային հեղինակավոր կոչերն ու որոշումները, խաղաղության ու երկխոսության կեղծ օրակարգերով սքողված, ցեղասպանական գործողություններով ձգտում է ռազմական, քաղաքական, տնտեսական գործիքակազմերի կիրառմամբ հասնել իր հիմնական նպատակին՝ Արցախի վերջնական հայաթափմանը: Ուշագրավ և հատկանշական է, որ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար իրականացվող խախտումների այս նոր միջադեպը նախորդ դեպքերին համանման՝ նույնպես արձանագրվել է այն ժամանակ, երբ ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ Վաշինգտոնում տեղի են ունենում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական բանակցությունները՝ հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման հարցերի շուրջ: Դա, անշուշտ, ևս մեկ անգամ հաստատում և վկայում է, որ խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող բանակցությունները նույնպես իրականում ոչ այլ ինչ են, քան տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության մթնոլորտի ձևավորման նմանակում, իբր միջազգային ջանքերի համատեքստում:

Խորապես անհանգստացած առկա վտանգավոր իրողությամբ, Արցախի ժողովրդի անունից դիմում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին, կարեկցանքի հայտարարություններից, հորդորներից և խորհուրդներից զատ՝ ձեռնարկել կոնկրետ գործնական քայլեր: Մասնավորապես պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ զսպելով նրա ագրեսիվ նկրտումները:

Համոզված ենք, որ երկակի ստանդարտներով գործելաոճը ավելի է ոգևորում Ադրբեջանին՝ նրան դարձնելով սանձարձակ և անվերահսկելի:

ՌԴ-ին՝ խաղաղության առաքելության շրջանակում առավել կոշտ միջոցներով կասեցնել Ադրբեջանի հակամարդկային, ցեղասպան գործողությունները:

Վաշինգտոնյան բանակցություններում Հայաստանի պատվիրակությանը՝ անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները մինչև Արցախի հետ շփման գծում և Հայաստանի սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը: Հակառակ պարագայում՝ բանակցությունների շարունակումը կնշանակի ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքի խրախուսում և միջազգային մակարդակով արտոնություն:

Մեր խոնարհումը բերելով հանուն հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերած մեր 4 նահատակների հիշատակին, պատրաստակամ ենք շարունակելու նրանց սուրբ գործը»: