Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության (Եվրոպոլ) գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի գլխավորած պատվիրակությունը հունիսի 28-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի և Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի ուղեկցությամբ:

«Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Քեթրին դը Բոլը և Վահե Ղազարյանը ծաղկեպսակներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո տիկին Քեթրին դը Բոլը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում»,- ասված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Ֆեյսբուքի» էջում: