Այդ աննորմալին ի՞նչ մեկնաբանեմ, ես հրաման տալու իրավունք չեմ ունեցել․ Մովսես Հակոբյանը՝ Փաշինյանին

«Այդ մարդուն խորհուրդ կտամ իմ պարտականությունները կարդա, նոր խոսի՝ ես իրավունք ունեի՞ լինել հրամանատարական բունկերոմ, թե ոչ»,-այս մասին 24News-ի հետ զրույցում նշել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին ռազմական գլխավոր տեսուչ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ փաստ չէ, թե զինվորականը պատերազմի օրերին այնտեղ գտնվելու իրավունք ուներ։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարությանը, թե հոկտեմբերի 2-իմ կամ 3-ին Մովսես Հակոբյանի կողմից որոշում է կայացվել ԼՂ ՊԲ 7-րդ պաշտպանական շրջանից բանակը էվակուացնել, այսինքն՝ զորքերը ամբողջությամբ դուրս բերել, ինչն իր կարծիքով հիմնավորված չի եղել և չի իրականացվել միայն իր միջամտությունից հետո, Մովսես Հակոբյանը պատասխանել է.
«Խորհուրդ եմ տալիս կամ այդ մարդը բուժվի հոգեբուժարանում, կամ իմ իրավունքներն ու պարտականությունները կարդա, այդ աննորմալին ի՞նչ մեկնաբանեմ, ես հրաման տալու իրավունք չունեմ, նա այդքան բանը չգիտի: Ես ի՞նչ մեկնաբանեմ՝ հիվանդ ա ա էդ մարդը: Նորից եմ ասում՝ ես որոշում կայացնելու, հրաման տալու իրավունք չունեմ, թող դատախազությունը քրեական գործ հարուցի՝ կբացատրեմ»։
Դիտարկմանը՝ արդյո՞ք պատերազմի օրերին քննարկում եղել է, որ 7-րդ պաշտպանական շրջանից զորքերը դուրս բերվի, և, եթե ինքը նման խորհուրդ չի տվել, ինչո՞ւ է Փաշինյանը նման հայտարարություն անում, Մովսես Հակոբյանը պատասխանեց, որ բացատրություն կներկայացնի միայն քրեական գործ հարուցելուց հետո: