Բլինքենն արգելել է Պետդեպարտամենտի աշխատակիցներին՝ քննարկել Ռուսաստանում ապստամբության փորձը. Axios

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ուրբաթ օրը Պետդեպարտամենտի աշխատակիցներին կարգադրել է ձեռնպահ մնալ Ռուսաստանում ապստամբության փորձերը մեկնաբանելուց: Համապատասխան հեռագիրն ուղարկվել է ամբողջ աշխարհում ԱՄՆ դիվանագետներին։ Այս մասին հայտնում է Axios կայքը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։

«ԱՄՆ-ի պաշտոնյաների խոսքով, եթե ամերիկացի դիվանագետներին Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին հարցնեն օտարերկրյա կառավարությունների ներկայացուցիչները, հեռագրում ասվում է, որ նրանք պետք է միայն ասեն, որ ԱՄՆ-ը հետևում է իրավիճակին», – նշվում է հրապարակման մեջ:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ազդանշաններ է փոխանցել Մոսկվային՝ զինված ապստամբության փորձին ամերիկյան իշխանությունների մասնակցության բացակայության մասին:

Նա նշել է, որ համապատասխան կառույցները պարզում են, թե արդյոք արևմտյան ծառայությունները ներգրավվա՞ծ են եղել հանգստյան օրերին տեղի ունեցած իրավիճակում: ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ ԱՄՆ հետախուզությունը կարող էր չհրապարակել տվյալներ ապստամբության նախապատրաստման մասին՝ դրա իրականացման հույսով: