2019-ին ես բանակցային պրոցեսն անվանում էի պատերազմական կոնվեյեր, որը, խոստովանում եմ, չեմ կարողացել կանգնեցնել․ Փաշինյան

2018-2019 թվականներին իմ առաջնային խնդիրն էր հասկանալ բանակցային գործընթացն իր բոլոր մանրամասներով, պրոբլեմներով: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու բանակցային գործընթացի վերաբերյալ ինքը բաց ու ակնեղծ չի խոսել 2018-2019 թվականներին, այլ միայն հիմա է խոսում:

«2019-ի իմ ըմբռնումն եմ ուզում ներկայացնել: 2007-ին ունենք մադրիդյան սկզբունքներ, և մենք ունենք 3 սկզբունք, 6 տարր հայտնի բանաձևը: Այդ երկուսի հիման վրա սկսվում է կազանյան գործընթացը: Համաձայնեցվում է փաստաթուղթ, որը հայկական կողմը ոչ մեծ երջանկությամբ պատրաստ է ստորագրել: Ադրբեջանական կողմը մերժում է: Դրանից հետո ի՞նչ է տեղի ունենում: Ադրբեջանը ոչ մի պրոբլեմ չի ունենում, հակառակը, մեծ հաջողությամբ զենք է գնում ոչ միայն ավանդական  ուկաներից, այլև Կազանի հիմնական միջնորդից՝ ՌԴ-ից: Դրանից հետո սկսվում է էսկալացիոն գործընթացը: Տեղի է ունենում բանակցային բովանդակության փոփոխություն, որին հայկական կողմը բացասաբար է արձագանքում, որից հետո տեղի է ունենում պատերազմը, որը դե յուրե չի ավարտվում:

Իմ առաջին ընկալումը հետևյալն էր, եթե բանակցային  գործընթացի սեղանին կա սուբյեկտ, որը կարող է ասել՝ ոչ, և ձեռնարկել ռազմական բնույթի գործողություններ ու դրանից հետո հակահարված չստանալ միջազգային հանրությունից: Եվ բանակցային սեղանին նստած է երկրորդ սուբյեկտը, որը հենց որ որոշակի դժգոհություն է արտահայտում, նրա դեմ սկսվում է ռազմական գործողություն: Այս իրավիճակում ինչպե՞ս վարել բանակցությունները, ըստ էության, այն նույն կետից, որ կետից սկսվել է 2007-ին:

2019-ին ես բանակցային այս պրոցեսը աշխատանքային մակարդակում անվանում էի պատերազմական կոնվեյեր, որովհետև տրամաբանությունը հետևյալն է՝ բանակցություններով տուր այն ինչ ես ուզում եմ, այլապես ես նույնը կստանամ պատերազմով: Իմ խնդիրն էր հասկանալ՝ ի՞նչ գործոններ կան, որ կարող են այս կոնվեյերը կանգնեցնել: Ես խոստովանում եմ, որ չեմ կարողացել այն կանգնեցնել»,-ընդգծեց Փաշինյանը: