Հայկական կողմը «Մարգարա» անցակետի ենթակառուցվածքը կարգի բերելու աշխատանք է իրականացնում․ Ռուբինյան

«Հայկական կողմը Թուրքիայի հետ սահմանին «Մարգարա» անցակետի ենթակառուցվածքը կարգի բերելու աշխատանք է իրականացնում և շուտով ավարտին կհասցնի այն։ Հույս ունենք, որ թուրքական կողմը նույնպես կպահի խոսքը»,- հայտարարել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունների համանախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ հունիսի 26-ի մամուլի ասուլիսում՝ պատասխանելով մինչև զբոսաշրջանային սեզոնի սկիզբը սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար բացելու պայմանավորվածության մասին հարցին։

Ինչպես հավաստիացրել է Ռուբինյանը, գործընթացը տեղում կանգնած չի մնացել, և նա ինքն էլ կապի մեջ է Թուրքիայի ներկայացուցչի հետ։ «Առայժմ հանդիպման պայմանավորվածություն չկա»,-ավելացրել է Ռուբինյանը՝ դա բացատրելով պայմանավորվածության առկայությամբ և այն իրականացնելու անհրաժեշտությամբ։ Նման գործընթացներում, երբ կա վստահության պակաս, կարևոր է պահել խոսքը, ամփոփել է Ռուբինյանը։