Տեղեկատվական սադրանք. ՌԴ ՊՆ-ը արձագանքել է Պրիգոժինի անունից տարածված տեսանյութերին

Եվգենի Պրիգոժինի անունից սոցիալական ցանցերում տարածված բոլոր հաղորդագրություններն ու տեսանյութերն այն մասին, թե Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հարվածել է «Վագներ» թիկունքի ճամբարներին, չեն համապատասխանում իրականությանը և տեղեկատվական սադրանք են: Այս մասին ասված է ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Բացի այդ՝ նշվում է նաև, որ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը շարունակում են մարտական խնդիրների կատարումը Ուկրաինայի զինված ուժերի հետ շփման գծում՝ հատուկ ռազմական գործողության շրջանականերում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը տեսաուղերձ է հրապարակել, որում հայտարարել է, թե ՌԴ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները խաբել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին. Դոնբասը 2014-ից 2022 թվականներին մասնատվել է նախագահի վարչակազմի, հատուկ ծառայությունների, ինչպես նաև օլիգարխների կողմից։

«ՌԴ ՊՆ-ը փորձում է խաբել հանրությանը, խաբել նախագահին և պատմություն հորինել, թե խելահեղ ագրեսիա է եղել Ուկրաինայի կողմից, և նրանք պատրաստվում էին հարձակվել մեզ վրա ՆԱՏՕ-ի ողջ բլոկով»-տեսազրույցում ասել է «Վագների» ղեկավարը։

Պրիգոժինը նաև նշել է, որ «հատուկ օպերացիան» սկսվել է բոլորովին այլ պատճառներով։ Ըստ նրա՝ պատերազմն անհրաժեշտ էր, որպեսզի ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն ստանա մարշալի կոչում:

«Ուկրաինայի զինված ուժերը հաջողությամբ հարձակվում են, իսկ ռուսական բանակում կառավարում չկա»,-շեշտել էր նա:

Հավելենք, որ Կրեմլից էլ հայտնել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղյակ է Պրիգոժինի շուրջ տիրող իրավիճակին, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները։