Բայրամովը նշում է, որ մերժել են Արցախի հայերի համար երաշխիքներ տրամադրելու Փաշինյանի պահանջը

Ադրբեջանի արտգործնախարարը մերժել է խաղաղության բանակցությունների նոր փուլից առաջ Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120 հազար էթնիկ հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու Հայաստանի պահանջը։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ ունեցած զրույցին։

Լրատվականը գրում է, որ բանակցությունների ընթացքում շրջադարձային կարող է համարվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (86,6 հազար քկմ տարածքով, որի մեջ մտնում է նաև Արցախը), սակայն ցանկանում է, որ Բաքուն էթնիկ հայ բնակչության համար երաշխիքներ տրամադրի։

Reuters-ի հետ զրույցում, սակայն, Ջեյհուն Բայրամովը նշել է, որ այդ երաշխիքների անհրաժեշտությունը չկա, իսկ նման պահանջը հավասարազոր է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուն։

«Մենք չենք ընդունում այդպիսի նախապայման,  մի շարք պատճառներով։ Հիմնականը հետևյալն է, որ սա ներքին խնդիր է։ Ադրբեջանի սահմանադրությունը և մի շարք միջազգային կոնվենցիաներ, որոնց միացել է Ադրբեջանը, ապահովում են անհրաժեշտ պայմանները, որ այդ ժողովրդի իրավունքները երաշխավորվեն»,- ասել է Բայրամովը։

Ադրբեջանի ԱԳ նախարարը ասել է, թե էթնիկ հայերը կարող են գործածել ու կրթվել իրենց լեզվեվ, պահպանել իրենց մշակույթը, եթե ինտեգրվեն ադրբեջանական հանրությանն ու պետական կառույցներին այնպես, ինչպես այլ էթնիկ ու կրոնական փոքրամասնություններ։

Բայրամովը նաև խոսել է բանակցություններում «որոշակի առաջընթացի» մասին, ինչպես նաև բողոքել, թե Արցախում հայկական զորք կա։

Նա նաև նշել է, թե խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել նույնիսկ մինչև տարվա վերջ, եթե Հայաստանը «կամք ունենա ոչ միայն հայտարարություններ անել, այլև գործնական քայլերի գնալ»։