Հումանիտար իրադրությունը ԼՂ-ում շարունակում է սրվել. ամեն ինչ արվում է հայերի կյանքը անհնար դարձնելու համար. Փաշինյան

Հումանիտար իրադրությունը ԼՂ-ում շարունակում է սրվել. Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը շարունակվում է՝ ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ին կայացված միջանկյալ որոշման: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիշեցնեմ, որ պարտադիր իրավական ուժ ունեցող որոշմամբ դատարանն Ադրբեջանին պարտավորեցրեց ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Դատարանը շեշտել է, որ իր որոշումը պարտադիր իրավական ուժ է առաջացնում Ադրբեջանի համար:

Դատարանի այս որոշումը չի կատարվում, Լաչինի միջանցքով չեն շարժվում ոչ քաղաքացիներ, ոչ տրանսպորտային միջոցներ, ոչ բեռներ: Ավելին, արգելվել են նաև Կարմիր խաչի մեքենաների երթևեկությունը: Սրանք կարևոր փաստեր են, որոնք իրենք իրենցով հակադարձում են Ադրբեջանի այն փաստարկներին, թե ԼՂ-ում և Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին բարձրաձայնող ուժերը, երկրները, իբր միջամտում են Ադրբեջանի ներքին գործերին:

Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելը և դատարանի որոշման կատարման ապահովումը միջազգային օրակարգի հիմնահարց է ու խնդրին պետք է մոտենալ այս տրամաբանությամբ։ Կարևոր է արձանագրել, որ այդ որոշման չկատարումն ու արհամարհումը բերել է հումանիտար ճգնաժամի»,- հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, թե ամեն ինչ արվում է՝ հայերի կյանքը Լեռնային Ղարաբաղում անհնար դարձնելու համար։ «Հենց սա է էթնիկ զտման քաղաքականությունը, որի մասին տարիներ շարունակ Հայաստանն ահազանգում է»,- ասաց Փաշինյանը՝ տալով իր պատկերացմամբ, իրավիճակի լուծման բանալին. «Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի իրավական ուժ ունեցող որոշումը պետք է կատարվի և սա միջազգային օրակարգի հարց է, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հարց, որովհետև հենց այս մարմինն է լիազորված  ապահովելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարումը»,-ասաց նա: