Ամենամոտ ժամանակներս ԱՄՆ-ում նախատեսվում է խաղաղության հաստատման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների նոր փուլը

Ամենամոտ ժամանակներս ԱՄՆ-ում նախատեսվում է խաղաղության հաստատման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների նոր փուլը: Այս մասին տեղի ունեցած ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետական դեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը:

«Անհամբերությամբ սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների նոր փուլին, քանի որ կողմերը շարունակում են ձգտել Հարավային Կովկասի խաղաղ ապագային: Մենք համարում ենք, որ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման և խաղաղության հասնելու բանալին է»,- նշել է փոխխոսնակ Վեդանտ Պատելը:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական խնդրին Մոսկվայի մասնակցությանը, Պատելն ասել է. «Եթե Ռուսաստանը ենթադրում է, որ կարող է կառուցողական դեր կատարել, ապա, իհարկե, կարող է դրանով զբաղվել: Մենք համարում ենք, որ բանակցությունների գործընթացը շարունակվում է, և Միացյալ Նահանգները կարևոր գործընկեր է դրանում, պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անձամբ է ներգրավվել»:

Պատելի խոսքերով, հայ-ադրբեջանական վաշինգթոնյան նոր հանդիպումները «տեղի կունենան շատ շուտով»: