Նոյեմբերի 9-ից 1-2 օր անց, երբ վերադարձա լիարժեք աշխատանքի, ինձ ասացին, որ մենք Շուշիում ոչ մի զինվոր չունենք. Փաշինյան

«Շուշիի անկման պատմությունն իմ հետադարձ հայացքով հետևյալն է. հասկանալով, որ Շուշիի անկյունաքարային նշանակությունն էլ ավելի է ընդգծվել, բոլոր հրահանգները Շուշին ամրացնելու, Շուշիի պաշտպանությունը կազմակերպելու վերաբերյալ էր,- հունիսի 20-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:- Ի վերջո հաստատվեց տպավորություն, որ ամեն անհրաժեշտն արված է։ Բայց այդ նախապատրաստական գործողություններից շատ չանցած՝ լուր եկավ, թե ադրբեջանցիների մի խումբ Զարիսլի գյուղի հատվածում ճեղքել է մեր պաշտպանությունը և կանգնել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին, այսինքն, ըստ էության, փակել ճանապարհը։

Լուրն ինձ հաղորդեց Լեռնային Ղարաբաղի նախագահը, սակայն ԶՈՒ գլխավոր շտաբը չէր հաստատում այդ տեղեկատվությունը։ Սա, ի դեպ, պատերազմի ընթացքում արդեն մոտ մեկ տասնյակ անգամ կրկնված իրավիճակ էր, երբ ԼՂ նախագահը լուր էր հաղորդում, ԳՇ-ն չէր հաստատում լուրը, անգամ հերքում էր, իսկ որոշ ժամանակ անց ստիպված էր լինում խոստովանել, որ ԼՂ նախագահի տված տեղեկությունն է ճիշտ։ Այս անգամ էլ այդպես եղավ, երբ լուր եկավ, թե ադրբեջանցիները կրակել են Ստեփանակերտ-Լաչին ճանապարհով շարժվող քաղաքացիական ավտոմեքենայի վրա։ Ըստ էության, այս կետից սկսվեց Շուշիի սողացող անկումը։

Շուշիից անընդհատ ահագնացող լուրեր էին գալիս, սկսեցին լուրեր գալ, որ հակառակորդի առաջին խումբն է մտել Շուշի, հետո երկրորդ, և այդպես շարունակ։

Ի վերջո նոյեմբերի 7-ի կեսօրին գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն ինձ զեկուցեց Շուշիի անկման մասին։ Սա ծանր լուր էր ինձ համար, որովհետև իմ բոլոր հրահանգներում, հրամաններում, խորհրդակցություններում ասել էի, որ Շուշին պետք է պահվի և ստացել էի հավաստիացում, որ կպահվի։ Շուշիի անկման լուրը լսելով՝ առաջին արձագանքս պահանջն էր՝ կատարեք այն, ինչ խոստացել եք՝ Շուշին պահել, հետ վերցնել։

Ի վերջո, ինձ զեկուցեցին հակագործողությունների մասին, հետո ինչ-որ հաջողությունների մասին, հետո ասացին՝ օպերացիան հաջող է ընթանում, հետո՝ Շուշիի ներսում ենք։ Մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահը ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասը պաշպանության բանակի վերահսկողության տակ է։

Հետո եղավ եռակողմ հայտարարության ստորագրումը, նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա հարձակումը կառավարության շենքի վրա և երբ 1-2 օրից վերադարձա լիարժեք աշխատանքի, ինձ ասացին, որ մենք Շուշիում ոչ մի զինվոր չունենք»։