Երուսաղեմի հայկական թաղամասի մի մասի՝ մասնավոր վարձակալության հանձնելը թաղամասի հայ բնակիչներին կարող է սպառնալ վտարումներով. Արման Թաթոյան (տեսանյութ)

Երուսաղեմի հայկական թաղամասի խնդիրների հարցով  Երուսաղեմում ասուլիսով հանդես են եկեկ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանն ու ամերիկահայ փաստաբաններ Գարո Ղազարյանն ու Գառնիկ Քերքոնյանը: Նրանք Երուսաղեմում զբաղվում են հայկական թաղամասը հայկական պահելու խնդրով:

168․am-ի տեղեկացմամբ, ասուլիսի բանախոսները նշել են, որ Երուսաղեմի հայ համայնքը ահազանգեր է հնչեցրել հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կոչվող վայրի և հարակից տարածքների նպատակային նշանակությունը փոխելու, առևտրային կազմակերպության հանձնելու և առևտրային նպատակներով օգտագործելու վերաբերյալ: Խոսքը, մասնավորապես, այն ահազանգերի մասին է, որոնց համաձայն՝ Երուսաղեմի հայկական թաղամասի մոտ 25%-ը 99 տարով պայմանագրով վարձակալության է հանձնվել առևտրային կազմակերպության, որի հետևանքով «Կովերի պարտեզ» վայրում, որն արդեն ծառայում է՝ որպես ավտոմեքենաների կայանատեղի, կառուցվելու է հյուրանոց ու ժամանցի վայրեր, ինչպես նաև հարակից թաղամասերից վտարվելու են բնակիչները, որոնք պատմականորեն բնակվում են Սուրբ Հակոբ հայկական վանքի տարածքում, ինչպես նաև առևտրային նպատակներով են օգտագործվելու ճեմարանի տարածքի մի մասն ու պատրիարքարանի այգին:

Ըստ ահազանգերի՝ լրջորեն վտանգվելու է նաև հայկական թաղամասի թանգարանը և տեղահանվելու է գերեզմանատունը:

Այս ահազանգերի հիման վրա կազմվել է փաստաբանների աշխատանքային խումբ, որը նախաձեռնել է փաստահավաք ուսումնասիրություններ: Փաստահավաք աշխատանքներն իրականացվել են միջազգայնորեն ընդունված սկզբունքների հիման վրա՝ հաշվի առնելով նաև խմբի անդամ փաստաբանների փաստահավաք աշխատանքի փորձը աշխարհի տարբեր երկրներում և միջազգային կառույցների կազմում:

Ուսումնասիրությունների ամբողջականությունն ու ճշգրտությունն ապահովելու համար փաստաբաններից կազմվել է պատվիրակություն՝ Հորդանան և Երուսաղեմ այցեր իրականացնելու նպատակով:

Հորդանան և Երուսաղեմ պատվիրակության այցն առավել լայն շրջանակի փաստահավաք աշխատանքների բաղկացուցիչ մաս է և նպատակ ունի տեղում իրականացնել ուսումնասիրություններ, անմիջականորեն հավաքագրել փաստեր՝ հայկական թաղամասի, հայ համայնքի շահերի պաշտպանությանն ուղղված միջոցներ ձեռնարկելու նպատակով:

Մինչև Հորդանան և Երուսաղեմ ժամանելը փաստաբաններն իրականացրել են Երուսաղեմի հայկական թաղամասին առնչվող իրավական ու պատմական բնույթի փաստաթղթերի, հրապարակումների ուսումնասիրություններ:

Իրականացվել է նաև միջազգային և տեղական իրավունքի հետազոտություն: Ուսումնասիրվել են լրատվամիջոցների ու սոցիալական ցանցերի, այդ թվում՝ հայ համայնքի հրապարակումները:

Երուսաղեմում տեղի են ունեցել հանդիպումներ Երուսաղեմի հայ համայնքի, Երուսաղեմի Հայոց պատրիարքի, Հույն ուղղափառ եկեղեցու պատրիարքի, և Կաթոլիկ պատրիարքների, տեղում գործող փաստաբանների, քաղացիական հասարակության կազմակերպությունների հետ: Քննարկումներ են տեղի ունեցել նաև Երուսաղեմի քաղաքապետարանում՝քաղաքային մարմինների հետ:

Ընդ որում, հաշվի առնելով այցի շրջանակներում նախատեսված աշխատանքների մեծ ծավալը՝ փաստաբանների պատվիրակության անդամները աշխատել են նաև իրարից առանձին՝ նպատակ ունենալով ապահովել այցի առավել համընդգրկուն բնույթը:

Այցի ընթացքում պահպանվել է անընդհատ կապ հայ համայնքի հետ՝ ձեռնարկվող քայլերն ու տեղեկությունների փոխանակումը համակարգված իրականացնելու նպատակով: Այս առնչությամբ, փաստաբանների պատվիրակությունն իր երախտագիտությունն է հայտնում հայ համայնքին՝ կարևոր աջակցության և հայկական թաղամասի հարցերը բարձրացնելու համար:

Փաստաբանները արձանագրում են, որ այս ասուլիսը նպատակ ունի հայ համայնքին ներկայացնելու կատարված փաստահավաք աշխատանքները, նախանշել անելիքները: Այս պահին պատվիրակությունն արձանագրում է, որ Երուսաղեմի հայկական թաղամասի հարցերը պետք է դիտարկել առնվազն երկու հիմնարար տեսանկյունից՝ նախ, առանձնահատուկ ենք ընդգծում, որ Երուսաղեմի հայկական թաղամասն ունի համազգային նշանակություն հայ ժողովրդի համար ամբողջ աշխարհում, այն պատմական բարձրագույն արժեք է և ազգային հարստություն, հայ ժողովրդի ինքնության անբաժան մասն առհասարակ: Այն մեր ժողովրդի բազմադարյա պատմության և համաշխարհային պատմության մեջ մեծ քաղաքակրթության կենդանի ապացույց է:

«Երուսաղեմի հայկական թաղամասը գտնվում է Երուսաղեմի հին քաղաքի մասում և ներառում է Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը, Սրբոց Հակոբեանց տաճարը, Սուրբ Մարկոս, Սուրբ Գևորգ եկեղեցիները, հայկական պատրիարքարանն ու գրադարանը, Սուրբ Թարգմանչաց դպրոցը, հայկական այգին ու գերեզմանատունը, դարմանատունը, հայ համայնքի մի մասի տները, ինչպես նաև այլ պատմական ու կրոնական շինություններ: Հատուկ ենք ընդգծում, որ մեր խորին համոզմամբ՝ Երուսաղեմի հայկական թամաասի բացարձակ արժեքը հենց դրա բոլոր բաղադրիչների ամբողջականության մեջ է»,-նշել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

Մյուս տեսանկյունից, ըստ նրա, Երուսաղեմի հայկական թաղամասի հարցը կենսական նշանակություն ունի տեղի հայ համայնքի համար:

«Այստեղ նկատի ունենք ոչ միայն այն, որ Երուսաղեմի հայ համայնքի մի մասը բնակվում է հայկական թաղամասի անբաժան մասը կազմող տներում, այլ այն, որ հայկական թաղամասի շինություններն օգտագործվում են հայերի կենսական կարիքների համար՝ սկսած այգիներից ու եկեղեցիներից մինչև դարմանատուն: Սա նշանակում է, որ հայկական թաղամասի մի մասի նպատակային նշանակությունը փոխելը և առևտրային նպատակով մասնավոր կազմակերպության հանձնելը տներում պատմական ժամանակներից բնակվող հայերին սպառնում են վտարումներով: Սա կենթադրի մարդկանց սեփականության և մյուս իրավունքների կոպիտ խախտումներ»,-ասել է Արման Թաթոյանը:

Տեսանյութը՝ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից