Փաստաբանները նամակը փոխանցեցին ԵՄ պատվիրակության գրասենյակ՝ մոտ 100 ստորագրությամբ

Փաստաբաններն այսօր՝ հունիսի 16-ին, բողոքի երթի էին դուրս եկել։ Նրանք Փաստաբանների պալատից (Զաքյան 7-2) քայլերթով գնացին ԵՄ պատվիրակության գրասենյակ։

Նրանք բողոքում են փաստաբանների նկատմամբ կիրառվող բռնության դեպքերի կապակցությամբ:

Հիշեցնենք, որ բողոքի ակցիայի պատճառ է դարձել ոստիկանության բաժանմունքներում փաստաբանների նկատմամբ իրականացրած բռնությունները։ Վերջերս ոստիկանությունում բռնության է ենթարկվել փաստաբան Կարեն Ալավերդյանը։ Նա նաև հայտարարել է, որ իր պաշտպանյալին խոշտանգել են ոստիկանությունում։

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը ԵՄ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց, որ վերջերս ոստիկանական բաժանմունքում արձանագրվել է փաստաբանների նկատմամբ բռնություն կիրառելու ևս մեկ դեպք,  ինչը շատ դատապարտելի ու անընդունելի երևույթ է։

Նրա համոզմամբ, ամենամտահոգիչն այն է, որ այս երևույթներն արդեն շարունակական  բնույթ են կրում։

«Այսօրվա մեր ակցիայի  նպատակը հետևյալն է՝ Եվրամիության, Եվրախորհրդի  ֆինանսական միջոցները  օգտագործվում են դատաիրավական  բարեփոխումների համար Հայաստանում։ Այս կառույցները մեր գործընկերներն են, համատեղ ծրագրեր ենք իրականացնում, որոնք ուղղված են դատաիրավական համակարգի, մարդու իրավունքների պաշտպանության և առհասարակ այս համակարգի բարելավմանը։ Խնդիրը կայանում է  նրանում, որ այսքան  ֆինանսական միջոցների առկայության պայմաններում և այսքան ջանքեր գործադրելու դեպքում՝ մենք այսօր ունենում ենք նման երևույթներ»,- ասաց նա։

Փաստաբան Արա Զոհրաբյանը նշեց, որ ոստիկանության ինստիտուտը շատ կարևոր ինստիտուտ է, կան շատ արժանապատիվ ոստիկաններ։

«Բայց ինչպես ասում են՝ փչացած խնձորը կարող է փչացնել ամբողջ արկղը։ Ոստիկանական համակարգի ղեկավարությունը պետք է կարողանա նման երևույթներին  խիստ արձագանքի։ Ընդհանրապես բռնությունը ոստիկանների կողմից անընդունելի է, բայց առավել անթույլատրելի է փաստաբանի նկատմամբ բռնությունը, որը եկել է այդ քաղաքացուն պաշտպանելու»,- ասաց նա։

Զոհրաբյանը հայտնեց, որ հունիսի 20-ին  ժամը 11։00-ին փաստաբաններով հավաքվելու են ոստիկանության շենքի մոտ, համապատասխան ակցիա իրականացնելու նպատակով։ Իսկ այս ընթացքում սպասելու են ոստիկանական  բարձրաստիճան պաշտոնատար անձանց արձագանքին։

«Ինչ ուզում են պատմել՝ փաստաբանն ագրեսիվ էր, ագրեսիվ չէր, փաստաբանին ծեծի ենթարկել, ձեռնաշղթա կիրառել, ձերբակալել, խուզարկել, որն օրենքով արգելված է… Գործ ունենք հանցագործության հետ»,- ասաց Արա Զոհրաբյանը։

Նա ընդգծեց, որ իրենք  լավ գիտեն, որ այսօր կառավարությունն այդքան չի վախենում հանրային կարծիքից, որքան միջազգային կառույցների զայրույթից։

«Այդ նպատակով այսօր այստեղ պահանջ է ներկայացվում դատապարտել այս արարքը, համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Մենք գիտենք, որ Եվրոպական միությունը ֆինանսավորում է ոստիկանության համակարգի բարեփոխման համար։ Եթե ունենք ծեծված փաստաբաններ, նշանակում է, այդ միջոցները ըստ նպատակի չեն ծառայում»,- ասաց Արա Զոհրաբյանը։

Փաստաբաններն իրենց նամակը փոխանցեցին Եվրոպական միության պատվիրակության գրասենյակ։ Նամակի տակ ստորագրել էին մոտ 100 փաստաբաններ։