ԱՄՆ-ը պարտավոր է մեկնաբանել Բաքվին և Ստեփանակերտին միջնորդություն պարտադրելու մասին տեղեկությունները․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է լրատվամիջոցների տարածած տեղեկությանը, թե, իբր, ամերիկյան կողմը սպառնալիքներով փորձում է միջնորդություն պարտադրել Բաքվին և Ստեփանակերտին։

«Ես տեսել եմ լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, որ ԱՄՆ-ը իր միջնորդական դերը դիտարկում է ոչ թե որպես խաղաղ գործընկերոջ կամ փորձագետի, որը կարող է կազմակերպել այդ կապերը, այլ նույնիսկ դիմել է ուժի կիրառման սպառնալիքների՝ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և բնակիչների նկատմամբ։ Մենք իսկապես անհանգստացած ենք։ Եթե այս փաստերը հաստատվեն, ապա ԱՄՆ-ը հերթական անգամ կվարկաբեկի իրեն՝ որպես միջնորդի։

Միջնորդը նա է, որը փորձում է կողմերին հաշտեցնել և ներդաշնակություն բերել գործընթաց, գտնել ընդհանուր կետեր։ Ես նորագույն պատմության մեջ առաջին անգամ եմ բախվում մի իրավիճակի, երբ միջնորդական դերի հավակնող կողմը սպառնում է կարգավորման մասնակից կողմին ուժի գործադրմամբ՝ իրականացնելու իր միջնորդական դերը։ Այսինքն՝ շանտաժով և սպառնալիքով ստիպում են նստել բանակցային սեղանի շուրջ և մասնակցել ինչ-որ համաժողովների»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը՝ պնդելով, որ ամերիկյան կողմը պարտավոր է մեկնաբանել այս տեղեկությունները։