Ուկրաինական անհաջող հակահարձակումից հետո Վաշինգտոնը կրակում է Երասխի ուղղությամբ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանն է։

Անդրադառնալով Երասխի մետալուրգիական գործարանի, Տեղ գյուղի ՀՀ դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիային, ինչպես նաև Հակարի կամրջի մոտ ադրբեջանական դիվերսիային՝ Հայկ Այվազյանն ասաց, որ Ադրբեջանի ակտիվացումը կապված է Ուկրաինայում անհաջող հակահարձակման հետ։ Այն տեղեկատվական ֆոնը, որն Արևմուտքն ուզում էր ապահովել ուկրաինական հակահարձակումով, չստացվեց, ուկրաինական խմբավորումները մեծ կորուստներ են կրում և չեն կարողանում լուծել իրենց առջև դրված խնդիրը։ Ուստի Արևմուտքը փորձում է քարոզչական ֆոնն ապահովել Հարավային Կովկասում։ Երեկ Երասխի ուղղությամբ ագրեսիան, ըստ Հայկ Այվազյանի, քարոզչական խնդիր լուծելու համար էր, այլ ոչ թե ռազմական։ Իսկ քարոզչության նպատակն այն է, որ Արևմուտքը փորձում է տպավորություն ստեղծել, թե իբրև Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն կարողանում Հայաստանը պաշտպանել ադրբեջանական հարձակումներից։

Հայաստանում ՌԴ դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը տեղեկացրել է, որ Ռուսաստանը փորձում է գլխավոր հյուպատոսություն բացել Կապանում։ Փորձագետից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ նպատակ ունի դրանով Ռուսաստանը և կհաջողի՞ արդյոք այդ նախաձեռնությունը։ Հայկ Այվազյանն ասաց, որ դա արվում է Ռուսաստանի քաղաքական ներկայությունը Հայատանում և հատկապես Սյունիքում ամրացնելու և ազդեցութունը մեծացնելու համար՝ ի հակադարձումն Արևմուտքի։ Սակայն նա կասկածում է, որ Ռուսաստանին դա կհաջողվի, քանի որ ՀՀ իշխանություններն ակտիվորեն համագործակցում են Արևմոտքի հետ, ավելի ճիշտ կատարում են Արևմուտքի հրահանգները, հետևաբար ամեն ինչ կարվի Ռուսաստանին այդ հարցում խանգարելու համար։

Այնուհանդերձ Ռուսաստանը փորձում է տարածաշրջանոմ պահպանել իր ազդեցությունը, և Հայկ Այվազյանի պնդմամբ, ամեն ինչ հստակ կլինի մեզ ու տարածաշրջանի երկրների համար՝ Ուկրաինական ճակատում ՌԴ-Արևմուտք հակադարձության ելքից հետո։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում