Երեկ 10-15 րոպե թիրախավորված կրակել են գործարանի վրա. Երասխ համայնքի ղեկավար

Երասխում նորմալ իրավիճակ է, մարդիկ բերքահավաք են անում, աշխատում են, բնականոն ապրում են, աշխուժություն կա գյուղում: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզի Երասխ վարչական շրջանի ղեկավար Սարո Այվազյանը:

Անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած միջադեպին, գյուղապետն ասաց, որ 10-15 րոպե կրակել են կառուցվող գործարանի ուղղությամբ. «Թիրախավորել են հիմնարկը և ուզում են դրանով ազդել, որ հիմնարկը չկառուցվի: Արդեն 6-7 ամիս է, որ կառուցման աշխատանքներն սկսվել են: Տարուց ավելի է, որ որևէ կրակոց չի եղել այս ուղղությամբ: Սա առաջին անգամն էր»,-ասաց նա:

Այվազյանի խոսքով, իրենք միանշանակ կողմ են գործարանի կառուցմանը: Դիտարկմանը, թե ադրբեջանցիները պարբերաբար կփորձեն խոչընդոտել գործարանի աշխատանքին, նա արձագանքեց. «Չի կարող նման բան լինել, եթե մեր կառավարությունը դեմն առնի»:

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ  հայտարարել էր, որ հունիսի 13-ին ադրբեջանական կողմը կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել Հնդկաստանի երկու քաղաքացիներ։