Անշարժ գույքի շուկայում աճն ավելի բարձր է, քան իրական եկամուտների աճը. ԿԲ նախագահ

Հիփոթեքային վարկերի շուկայում, մեր դիտարկումներով, անցած տարվա ընթացքում եղել է տոկոսադրույքի աճ։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ նիստին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Կենտրոնական բանկը վերջին 2 տարում վարել է զսպող դրամավարկային քաղաքականություն։ Բնականաբար, Կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքների բարձրացումը հանգեցնում է նաև շուկայում այլ տիպի տոկոսադրույքների բարձրացման, ներառյալ նաև հիփոթեքները։ Սակայն հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքի աճը եղել է ավելի մեղմ, քան նույնիսկ Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի աճը»,- նշեց Գալստյանը։

ԿԲ նախագահը հաստատեց, որ տարիներ շարունակ Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների որոշակի աճ է նկատվում։

«Այս առումով 2 մեթոդ ունենք․ փորձում ենք հիմնականում համադրել մարդկանց իրական եկամուտների աճը ֆինանսական կամ ոչ ֆինանսական ակտիվների աճի հետ, ու մեր երկու մեթոդով էլ համադրելով՝ մենք տեսնում ենք, որ անշարժ գույքի շուկայում աճն ավելի բարձր է, քան իրական եկամուտների աճը»,- ասաց Գալստյանը։