Վաշինգտոնում ԱԳ նախարարների հանդիպումը տեղի չունեցավ ժամանակացույցի ու պլանավորման հետ կապված խնդիրների պատճառով․ Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Վաշինգտոնում պլանավորված հանդիպման հետաձգմանը։

«Դա 100 տոկոսով կապված էր պլանավորման խնդիրների հետ: Մենք անհամբերությամբ սպասում ենք բանակցությունների հերթական փուլի անցկացմանը Վաշինգտոնում, քանի որ կողմերը շարունակում են Հարավային Կովկասում խաղաղության շուրջ երկխոսություն վարել: Ինչպես ավելի վաղ ասել էինք, մենք կարծում ենք, որ ուղղիղ երկխոսությունն առանցքային է մնացած հարցերի լուծման համար։ Մենք կարծում ենք, որ համաձայնագիրը հասանելի է։ Ցավոք, այս հանդիպումը չկարողացավ տեղի ունենալ ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, և մենք անհամբեր սպասում ենք այն հնարավորինս շուտ անցկացնելուն»,– ասել է նա։

Հարցին, թե արդյոք կարելի է ակնկալել, որ ԱԳ նախարարները Վաշինգտոն կայցեեն մինչև այս ամսվա վերջ, Պետքարտուղարության խոսնակն ասել է․ «Ես չեմ պատրաստվում որևէ ժամկետ սահմանել, բացի ասելուց, որ մենք անհամբեր սպասում ենք հանդիպումը կրկին անցկացնելուն»: