Էրդողանը յուրահատուկ մոտեցել է երկրորդ շարքում նստած ՀՀ վարչապետին և առանձնահատուկ ողջունել է․ Ալեն Սիմոնյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Թուրքիա այցի ընթացքում որևէ պաշտոնական հանդիպում չի եղել, բայց այն բավականին լավ է անցել։ Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Վարչապետը եղել է ուշադրության կենտրոնում` թե՛ թուրք քաղաքական գործիչների, թե՛ միջազգային հանրության, և վարչապետի այցը, կարելի է ասել, գլխավոր իրադարձություններից մեկն է եղել այդ միջոցառման։ Որոշ գործընկերներ նեղսրտել են, որովհետև առաջին շարքի հյուրերին բարևելուց հետո նախագահ Էրդողանը յուրահատուկ մոտեցել է երկրորդ շարքում նստած ՀՀ վարչապետին և առանձնահատուկ ողջունել է: Ինչ վերաբերում է անունը հնչելուն, վարչապետի անունը հնչել է, դրա տեսանյութը կա: Ընդհանուր առմամբ, այցը բավականին դրական եմ գնահատում»,- ասաց ԱԺ նախագահը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին մեկնեց Անկարա և ներկա գտնվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը: Փաշինյանին նստեցրել էին 2-րդ շարքում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետևը։