Կիևը հայտարարել է Դոնեցկի մարզի մի քանի բնակավայրերի ազատագրման մասին

Ուկրաինացի զինվորականները երկուշաբթի՝ հունիսի 12-ին ազատագրել են Ստորոժևոյե գյուղը Դոնեցկի մարզում։ Այն գտնվում է Վոլնովախայի շրջանում։ Այս մասին իր «Թելեգրամում» տեղեկացրել է պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։

Մալյարի խոսքով՝ բնակավայրն ազատագրվել է դերծովակալ Միխայիլ Օստրոգրադսկու անվան ծովային հետևակի առանձին 35-րդ բրիգադի ուժերի կողմից։

Հունիսի 11-ին հայտնի է դարձել միանգամից երեք գյուղերի ազատագրման մասին Դոնեցկի մարզում։ Ցամաքային զորքերի ուժերն ազատագրել են Բլագոդատնոյե գյուղը, ԱՐԵՅ-ՈՒԴԱ առանձին յոթերորդ գումարտակի ուժերն ազատագրել են Նեսկուչնոյե գյուղը։ Ազատագրվել է նաև Մակարովկան։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած «Ռիբար» թելեգրամ-ալիքը հունիսի 11-ին գրել է, որ Ուկրաինայի Զինված ուժերը գրավել են Նեսկուչնոյեն և Բլագոդատնոյեն «ռուս մարտիկների՝ այնտեղից պլանային հեռանալուց հետո»։

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) տվյալներով՝ Ուկրաինայի ԶՈւ-ն ճակատի առնվազն երեք տեղամասերում հունիսի 10-11-ին ազատագրել է հինգ բնակավայր Վելիկայա Նովոսելկա (Դոնեցկի մարզի Վելիկոնովոսելկովսկի շրջան) գյուղից հարավ՝ Մակարովկան, Նեսկուչնոյեն, Բլագոդատնոյեն, Ստորոժևոյեն և Նովոդարովկան։