Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առիթով:

Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և բոլոր ռուսաստանցիներին Ռուսաստանի օրվա առթիվ՝ նշանակալից տոնի, որն ընդգծում է ռուսաստանյան ժողովրդի խորը նվիրվածությունը պետականության ակունքներին:

Հայաստանի և Ռուսաստանի՝ ժամանակի փորձառությունն անցած և հարուստ պատմություն ունեցող դաշնակցային հարաբերությունները վերջին երեսուն տարիների ընթացքում հասել են որակական նոր մակարդակի։ Մեր երկրների ակտիվ և արդյունավետ փոխգործակցությունն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային օրակարգի հարցերի շուրջ ընդգծում է մեր ժողովուրդների միջև փոխշահավետ հարաբերությունները խորացնելու մեր ընդհանուր մտադրությունը՝ փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների հիման վրա։

Վստահ եմ, որ Հայաստանը և Ռուսաստանը, հետևողականորեն զարգացնելով կառուցողական կապերը, կշարունակեն բազմաբնույթ համագործակցության առաջանցիկ զարգացումը, այդ թվում՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման նպատակով։

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Օգտվելով առիթից, ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ տոնի առթիվ և մաղթել քաջառողջություն և անսպառ եռանդ, իսկ ՌԴ եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն, հաջողություն և ամենայն բարիք»: