Շվեդիայի իշխանությունների պնդմամբ ՆԱՏՕ-ի զորքերն այդ երկրում կարող են տեղակայվել մինչ կառույցին անդամակցելը

Շվեդիան հավանական է համարում, մինչ Հյուսիսատլանտյան դաշինքին պաշտոնական անդամակցությունը, իր տարածքում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման հնարավորությունը, ինչը պայմանավորված է Ռուսաստանի կողմից առկա սպառնալիքներով։ Այդ մասին նշվում է Dagens Nyheter պարբերականի հոդվածում, որի հեղինակներն են` Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը և պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնը։

«Ռուսաստանը ցույց է տվել, որ պատրաստ է գնալ ռազմական ու քաղաքական շատ մեծ ռիսկերի՝ իր աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար։ Քանի որ անհնարին է ասել, թե որտեղ են գտնվում նախագահ Վլադիմիր Պուտինի տարածքային նկրտումների սահմանները, Շվեդիայի կառավարությունը որոշել է, որ երկրի զինված ուժերը կարող են անցկացնել նախապատրաստական միջոցառումներ՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ»,- ասված է հոդվածում։

Հեղինակների խոսքով՝ այդ միջոցառումները կարող են ներառել նաև Շվեդիայի տարածքում ՆԱՏՕ-ի անդամ երկրների տեխնիկայի ու անձնակազմի ժամանակավոր տեղակայումը։ Շվեդիայի վարչապետը և պաշտպանության նախարարը նաև ընդգծել են, որ երկիրը պետք է ունակ լինի իր տարածքում արագ տեղակայել այլ երկրների ռազմական ռեսուրսները՝ արտակարգ ինչ-որ իրավիճակի կամ պատերազմի պարագայում։