Հավատում ենք, որ միջազգային գործընկերների կողմից ճնշումը կարող է կանխել Ադրբեջանի հետագա ագրեսիան․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի պատվիրակության անդամներին: Ողջույնների փոխանակումից հետո ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ բազմիցս ականատես է եղել բրիտանական խմբի ակտիվ աշխատանքին, ինչը խորհրդարանականների համար լավ օրինակ է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

Ալեն Սիմոնյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակը եւ մանրամասնել տարածաշրջանի բարդ իրադրությանն առնչվող հարցեր: Նա նշել է, որ մեր երկրում հետեւում են Մեծ Բրիտանիայի խորհրդարանում տեղի ունեցող զարգացումներին եւ բոլոր այն խորհրդարանականների գործունեությանը, որոնք ի ցույց դրեցին 2020 թվականի պատերազմից հետո մեր տարածաշրջանում իրավիճակի ընկալման մակարդակը: «Մենք հավատում ենք, որ մեր միջազգային գործընկերների հասցեական հայտարարությունները եւ ճնշումը կարող են կանխել Ադրբեջանի կողմից հետագա ագրեսիան, ինչպես նաեւ նպաստել անպատժելիության մթնոլորտի վերացմանը»,- հավելել է Ալեն Սիմոնյանը:

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները բրիտանացի գործընկերներին հանգամանորեն իրազեկել են արցախահայության շրջափակման, Լաչինի միջանցքի ճգնաժամի եւ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական զինուժի ոտնձգությունների մասին: