Հրատապ․Արցախում իրավիճակը բավականին լուրջ է (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանն է։

Մետաքսե Հակոբյանն անդրադառնալով հունիսի 4-ից Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղադրված ադրբեջանական անցակետով ՀՀ և Արցախի Հանրապետության քաղաքացիների անցուդարձը սկսելու գործընթացին՝ ասաց, որ դա մտահոգիչ է, քանի որ այդպիսով հատվում է այն կարմիր գիծը, հանուն որի Արցախի բնակչությունը տևական ժամանակ դիմանում է շրջափակմանը։ «Ինֆորմացիայի սղության պատճառով շատերի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե ադրբեջանական անցակետով հայերի անցուդարձը բնականոն երևույթ է, մանավանդ, որ ամեն ինչ խաղաղ ու հանգիստ է իրականացվում, կարող է տպավորություն ստեղծվել, թե Արցախն ընդունել է Ադրբեջանի խաղի կանոնները։ Իրականում այդպես չէ։ Ադրբեջանական քարոզչամեքենան է այդպես ներկայացնում, այն տեսագրությունները, որոնք իրենք նկարում ու տարածում են սոցցանցերում և թելեգրամյան ալիքներով, որոնցում երևում է, որ հայերը կիրթ կանգնած՝ անցակետում սպասում են իրենց հերթին, փորձում են համոզել, թե մենք համակերպվել ենք բռնակցմանը։ Բայց հանրային լայն ընդվզում կա»,- ասաց պատգամավորը։

Մետաքսե Հակոբյանը տեղեկացրեց, որ Արցախում ձևավորվել է «Արցախի անվտանգության և զարգացման» ճակատ, որի անդամները հանդիպել են ԱՀ նախագահի հետ՝ քննարկելու Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը և անթույլատրելի համարելու ադրբեջանական անցակետով հայերի տեղաշարժը, ինչը նշանակում է, որ Արցախն ընդունել է թշնամու խաղի կանոնները։ Սակայն Արայիկ Հարությունյանն ասել է, թե չի կարծում, որ այդ քայլով հատվում են կարմիր գծերը՝ հակասելով նախկինում իր արած հայտարարություններին՝ Լաչինի միջանցքի ու Արցախի շրջափակման վերաբերյալ։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում