Մենք ԼՂ ժողովրդից մանդատ չենք ստացել՝ իրենց ապագան բանակցելու. Արարատ Միրզոյան

«Որպեսզի խաղաղությունը լինի կայուն ու երկարատև, պետք է առկա խնդիրները հասցեագրվեն, իսկ այդ խնդիրները կան,- ԱԺ-ում քննարկման ընթացքում այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։- Որևէ մեկը աշխարհում չի կարող ժխտել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հետ կապված կան բազմաթիվ բաց հարցեր՝ բլոկադա, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակում, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանում։ Այս հարցերը ոչ թե մենք պետք է քննարկենք, այլ Լեռնային Ղարաբաղի ընտրված մարմինները։ Մենք պետք է փորձենք ապահովել այդ երկխոսության սկիզբը»,- հավելեց նախարարը։

«Մենք իրավունք չունենք որոշելու նրանց կարգավիճակը։ Միակ բանը, որ մենք փորձում ենք ապահովել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում, դա այն է, որ մենք համարում ենք, որ այդ կարգավորումը իրատեսական, ամբողջական չի կարող լինել, եթե այդ կարգավորման շրջանակներում չի ստեղծվում մի հարթակ, որտեղ ԼՂ ժողովուրդը և պաշտոնական Բաքուն կարող են երկխոսել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք կարևոր են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար», – հայտարարեց Միրզոյանը։