Ռուսաստանի ՊՆ-ը հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ-ի լայնամասշտաբ հարձակումը ձախողելու մասին

Ուկրաինայի զինված ուժերը լայնածավալ հարձակում են սկսել Դոնեցկի հարավի ուղղությամբ: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը:

«Հունիսի 4-ի առավոտյան հակառակորդը հարավային Դոնեցկի ուղղությամբ ռազմաճակատի հինգ հատվածներում լայնածավալ հարձակում է սկսել՝ ռազմաճակատի ռազմավարական պահուստների կազմից 23-րդ և 31-րդ մեքենայացված բրիգադների ներգրավմամբ, այլ զորամասերի և ստորաբաժանումների աջակցությամբ»,- նշել է նա:

Հարձակմանը ներգրավվել են երկու տանկային և վեց մեքենայացված գումարտակներ, հստակեցրել է Իգոր Կոնաշենկովը։ Ուկրաինայի զինված ուժերի կորուստները, նրա խոսքով, կազմել են 250 մարդ։ Բացի այդ, ՌԴ ԶՈՒ «Վոստոկ» խմբավորումը ոչնչացրել է 16 ուկրաինական տանկ, 3 հետևակի մարտական մեքենա և 21 մարտական զրահապատ մեքենա, հավելել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Ուկրաինայի զինված ուժերը հույս ունեին ճեղքել ռուսական պաշտպանությունը, սակայն իրենց նպատակին չեն հասել, հայտարարել է նա։

«Հակառակորդն իր առջև դրված խնդիրները չի կատարել, հաջողություն չի ունեցել», – նշել է Իգոր Կոնաշենկովը: