Ջո Բայդենի ամենավստահելի պաշտոնյաներից մեկը գաղտնի այց է կատարել Չինաստան

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը անցած ամիս մեկնել է Չինաստան, նախագահ Ջո Բայդենի ամենավստահելի պաշտոնյաներից մեկի գաղտնի այցը ցույց է տալիս, թե որքան անհանգստացած է Սպիտակ տունը Պեկինի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների վատթարացման կապակցությամբ: Այս մասին գրել է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Իրավիճակին ծանոթ հինգ հոգի ասել են, որ Բըրնսը՝ նախկին բարձրաստիճան դիվանագետը, որին հաճախ են վստահում նուրբ արտասահմանյան առաքելությունները, մեկնել է Չինաստան՝ պաշտոնյաների հետ բանակցությունների համար: Մեկ այլ անձ շեշտել է, որ Բըրնսը դիվանագիտական շփումներ չի ունեցել ու միայն հանդիպել է հետախուզության պաշտոնյաների։

Այցը, որը Բայդենի վարչակազմի պաշտոնյայի կողմից ամենաբարձրաստիճանն է Չինաստան, տեղի է ունենում այն ժամանակ, երբ Վաշինգտոնը ձգտում է փորձել Պեկինի հետ բարձր մակարդակի հարաբերություններ  հավասարակշռել:

«Անցած ամիս տնօրեն Բըրնսը մեկնեց Պեկին, որտեղ նա հանդիպեց չինացի գործընկերների հետ և ընդգծեց հետախուզական կապուղիներում հաղորդակցության բաց գծերի պահպանման կարևորությունը»,- ասել է մի ամերիկացի պաշտոնյա:

Սպիտակ տունը և ԿՀՎ-ն հրաժարվել են մեկնաբանություններից:

Բըրնսի առաքելությունը տեղի է ունեցել նույն ամսին, երբ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Վիեննայում հանդիպել է Չինաստանի արտաքին քաղաքականության բարձրաստիճան պաշտոնյա Վան Յիին: Սպիտակ տունը չի հայտարարել այդ հանդիպման մասին, քանի դեռ չի ավարտվել:

Բըրնսի այցը նաև ԱՄՆ պաշտոնյայի ամենաբարձր մակարդակի այցն է եղել Չինաստան այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը 2021 թվականի հուլիսին մեկնել է Տյանցզին:

Բայդենը մի քանի անգամ խնդրել է ԿՀՎ տնօրենին նուրբ առաքելություններ իրականացնել երկրի ներսում և արտասահմանում: Բըրնսը Մոսկվա էր մեկնել 2021 թվականի նոյեմբերին՝ նախազգուշացնելու ռուս պաշտոնյաներին չներխուժել Ուկրաինա:

Իրավիճակին ծանոթ մի քանի հոգի FT-ին ասել են, որ Բայդենը անցած տարի Բըրնսին ուղարկել է Կապիտոլիումի բլուր՝ փորձելով համոզել Ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա խոսնակ Նենսի Փելոսիին չմեկնել Թայվան: