Թուրքիայում երիտասարդների շուրջ 63%-ն ուզում է լքել երկիրը

Գերմանական «Konrad Adenauer» հիմնադրամը հետազոտություն է արել Թուրքիայի Z սերնդի շրջանում (միջազգային տերմին, նկատի է առնվում 1997-2012 թթ. ծնվածների տարիքային խումբը):

Այսպես 18-25 տարեկանների շրջանում անկացված հարցմանը մասնակցել է 2.140 երիտասարդ: Ուսումնասիրությունը վերաբերել է Թուրքիայում բնակվող երիտասարդների տեսակետներին` կապված քաղաքականության, տնտեսական վիճակի և արտագաղթի հետ:

«Էրմենիհաբերի» փոխանցմամբ, ըստ հարցման արդյունքների՝ երիտասարդների շուրջ 63%-ը նշել է, որ  հնարավորության դեպքում մշտական բնակության նպատակով կտեղափոխվի արտերկիր, իսկ 37%-ը՝ կմնա երկրում:

Արտերկրում մշտական բնակություն հաստատել ցանկացող երիտասարդներն իրենց տեղափոխման ցանկությունը բացատրել են տարբեր կերպ:

Նրանց 47.8%-ը, նշել է, որ ցանկանում է բարելավել կեցության պայմանները, 20.7%-ը՝ ավելի շատ ազատ լինել, 16.8%-ը պատճառաբանել է, որ Թուրքիայում իրենք իրենց անվտանգ չեն զգում, իսկ 14.7%-ը՝ որ Թուրքիայում աշխատանք չեն գտնում, իսկ արտերկրում ավելի հեշտ կկարողանան գտնել այն:

Հարցման համաձայն՝ մասնակիցներն ամենից շատ նախընտրում են տեղափոխվել Գերմանիա, ԱՄՆ և Մեծ Բրիտանիա:

Նշենք, որ նաև հարցված երիտասարդների շուրջ 99%-ը կարծում է, որ Թուրքիայում խնդիրները բազմաթիվ են, և դրանք ուղիղ ազդեցություն ունեն իրենց կյանքի որակի վրա:

Մեծամասնության կարծիքով այդ խնդիրներն առավել տեսանելի են տնտեսության, կրթության, մարդու իրավունքների և պետական կառավարման ոլորտում:

Հարցման մասնակիցները դժգոհություն են հայտնել փախստականների նկատմամբ վարած քաղաքականությունից:

Նրանց 91.4%-ի նշել է, որ Թուրքիայում չափից շատ փախստական կա և դա իրենց անհանգստություն է պատճառում, 90.1%-ը համոզված է, որ փախստականները ձևախեղում են երկրի բնակչության կառուցվածքը, իսկ  80.8%-ի կարծիքով՝ փախստականները սպառնալինք են ներկայացնում երկրի ապագայի համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ստամբուլ քաղաքի Յեդիթեփե Համալսարանի Սոցիլոգիայի բաժնի դեկան, դոկտոր պրոֆեսոր, սոցիոլոգ  Դեմեթ Լյուկուսլուն էր խոսել  երիտասարդների շրջանում սոցիալական դժգոհությունների մասին, ում խոսքով՝ ԱԶԿ-ի 21 տարվա ընթացքում երկրում ամենաշատը տւժել էին երիտասարդները:

Իսկ թուրքական «Habitat» և «Infakto RW» հետազոտական ընկերությունների կողմից կատարված հարցման համաձայն՝ պարզ էր դարձել, որ Թուրքիայում ընդհանուր առմամբ երիտասարդների շրջանում կյանքի գոհունակություն ունեցողները կազմում են 47.9%: