Հույս ունենք արդյունավետ քայլ կլինի. ԱՄՆ-ն՝ Ալիև-Փաշինյան հանդիպմանն ընդառաջ

ԱՄՆ-ն ուրախ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են։ Այս մասին նշված է  ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի հայտարարության մեջ։

«Ինչպես հայտարարել էր պետքարտուղար Բլինքենը, Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է։ Վերջերս մենք մեր երախտագիտությունը հայտնեցինք վարչապետ Փաշինյանին՝ խաղաղությանն ուղղված իր հանձնառության համար և ողջունում ենք նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները՝ համաներում հայտարարելու մասին։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները այս շաբաթվա վերջին Քիշնևում կհանդիպեն մեր եվրոպացի գործընկերների հետ, և մենք հուսով ենք, որ դա արդյունավետ քայլ կլինի այս խնդիրները բանակցային սեղանի շուրջ լուծելու համար, այլ ոչ բռնության կիրառմամբ։

Ագրեսիվ հռետորաբանությունը կարող է հանգեցնել միայն անցյալի բռնության շարունակականության, կառուցողական երկխոսությունը՝ ինչպես հանրային, այնպես էլ փակ, կարող է ստեղծել խաղաղություն, հնարավորություններ և հույս։

Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել երկու կողմերի ջանքերին՝ կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագիր կնքելու համար»,- նշված է Միլլերի հայտարարության մեջ։