Հուսով ենք՝ դատական ծառայողները բարձր պատասխանատվությամբ կշարունակեն իրենց աշխատանքը. Դատական դեպարտամենտի հայտարարությունը
Վարչական դատարանի աշխատակիցների գործադուլը պայմանավորված է աշխատավարձերի բարձրացման պահանջով:
Այս մասին հայտարարություն է տարածել Դատական դեպարտամենտը՝ անդրադառնալով ՀՀ վարչական դատարանում աշխատավարձի բարձրացման պահանջով գործադուլին:
«Դատական իշխանությունը, դեռևս 2023 թվականից, տարբեր մակարդակներում, տարբեր միջոցներով բազմիցս բարձրացրել է այս ցավոտ խնդիրը։ Դատական դեպարտամենտը և Դատական իշխանության մյուս մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում բոլոր հնարավոր գործողությունները կատարել են, և հարցը գտնվում է պետական պատշաճ մարմինների ուշադրության կենտրոնում։
Հուսով ենք՝ դատական ծառայողները բարձր պատասխանատվությամբ կշարունակեն իրենց աշխատանքը` կարևորելով արդարադատության շահը, իսկ անձնական հանգամանքներով պայմանավորված անհնարինության դեպքում՝ իրենց ծառայությունը կիրականացնեն ավելի բարձր վարձատրվող ոլորտներում, մինչև աշխատավարձերի խնդրի համակարգային լուծումը»,- նշված է Դատական դեպարտամենտի հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, ՀՀ Վարչական դատարանում գործադուլ է` օգնականները, գործավարները ու քարտուղարներ իրավացիորեն հրաժարվում են աշխատել այն չնչին աշխատավարձով, որը իրենց համար է սահմանված` ամենօրյա տքնաջան աշխատանքի դիմաց։